Հուլիսի 1-ից Հայաստանում կսկսի իր ծառայությունները մատուցել «Յանդեքս տաքսին»: Ծառայությունը հնարավորություն է տալու բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել: Ըստ տեղեկությունների՝ նոր ծառայությունը շուկա կմտնի ավելի էժան սակագներով:

Հայաստանում տաքսիների ծառայություններից օգտվող ուղևորների թիվը վերջին տարիներին անշեղորեն նվազում է։ ԱՎԾ տվյալներով՝ ուղևորահոսքի պիկը եղել է 2010 թվականին, երբ տաքիները տեղափոխել են ավելի քան 18 մլն մարդ։

Թեժ մրցակցության այս պայմաններում հայաստանյան շուկա է պատրաստվում մտնել նոր՝ հզոր խաղացող՝ Yandex-Taxi օնլայն տաքսի ծառայությունը, որն իր մատուցած ծառայությունների առաջին 1-2 կմ-ի համար պահանջելու է ընդամենը 100 դրամ մինիմալ վճար` ներկայիս գործող 500-600 դրամի փոխարեն։

Այդ առիթով «ՀՀ-ում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը նշել է, որ նոր տաքսու մուտքը շուկա բերելու է գործազրկության:
«Այստեղ կոռուպցիա կա, ով «Յանդեքսը» բերել է, դրա տակը կոռուպցիա կա: Սա նշանակում է, որ մեր ազգին ուզում են այս երկրից դատարկեն»,- ասել է նա: Ի դեպ, տաքսու վարորդները հայտարարում են պատրաստվում են կտրուկ քայլերի գնալ:

Իրականում, եթե փորձենք շարժվել նման տրամաբանությամբ, ապա որևէ երկրի կամ գործարարի կողմից ՀՀ-ում ներդրումներ չպետք է արվեն, քանի որ այդ մրցակցության հետևանքով, դաշտում գործող այլ ընկերությունների կամ անհատների գործունեությունը հնարավոր է ազդի մյուսների գործունեության, շահութաբերության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել