Ի՞նչ արձանագրվեց Սանկտ Պետերբուրգում։ Ոմանք ֆիքսվել են ձեռքսեղմումների ձևերի ու մտերմիկության վրա, մյուսները՝ դեմքների արտահայտությունների, երրարդները հրճվում են, որ հենց նույն օրը մարտական գործողություններ չեն սկսվել ու հույսեր փայփայում, որ չեն սկսվի, չորրոդները գուժում են (նորից), որ Արցախն են պատրաստվում հանձնել։ Իսկ եթե լո՞ւրջ։ Եթե այնուամենայնիվ խոսենք չոր փաստերի ու վերլուծության լեզվով։

Իսկ չոր փաստերի ու վերլուծության լեզվով մենք ունենք նահանջ՝ Վիեննայում ձեռք բերված համաձայնություններից, որովհետև եթե Վիեննայում ավելի առարկայական ու հեռահար պայմանավորվածություններ էին ձեռքբերվել, որոնցից կարևորագույնը հետաքննության մեխանիզմների ներդրումն ու ԵԱՀԿ ՄԽ լիազորությունների ընդլայնումն էր, ապա Պետերբուրգում վերադարձան լոլոյի ֆորմատին և սահմանափակվում են դիտորդների քանակի ավելացմամբ։

Ըստ էության, սա հենց այն արդյունքն է, որին պետք էր սպասել, որովհետև ինչպես բազմիցս արդեն նշել եմ, կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ Արցախյան հիմնախնդրի փոխզիջումային կարգավորման և միևնույն ժամանակ, կողմերից և ոչ մեկը չունի ռազմական բարեհաջող լուծման գոնե ուրվականային երաշխիք։ Այս ցուգցվանգի մեջ հստակ է միայն ռուսների դիրքորոշվումը և այն կայանում է նրանում, որ պետք է ամեն գնով պահպանել ստատուս քվոն։

Ու հիմա, փաստացի կողմերը հետ գնացին Վիեննայում համձայնված մեխանիզմներից ու շարունակում են լայնամասշտաբ պատերազմի պատրաստվել, որը, եթե հետևենք զարգացումների տրամաբանությանը, սարերի հետևում չի և ըստ ամենայն կսկսվի ամառ-աշուն ժամանակահատվածում։

Իրադարձություններն իհարկե կարող են այլ հունով էլ զարգանալ։ Վերլուծաբանությունը բախտագուշակություն չէ, ոչ էլ պայծառատեսություն է, բայց ցանկացած պարագայում, համարում եմ, որ սա զարգացման առավել հավանական սցենարն է, ու անգամ եթե այն իրականություն չդառնա, ոչ մի դեպքում չի կարելի հաշվի չնստել դրա հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել