Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն առանձնապես ոգևորված չէ Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից, ավելին` ասում է, որ «լեռը երկնեց, մուկ ծնեց»: Եվ այս առումով միակ դրականն այն է համարում, որ այս հանդիպումով հարաբերական անդորրի շանս տրվեց ՀՀ-ին, որը կարելի է օգտագործել բանակն արդիականացնելու համար:

«Եթե կարողանաք փորձել օգտագործել այս հարաբերական անդորրի ժամանակահատվածը, ուրեմն, այդ հանդիպումն իմաստ ունի, սա փոքրիկ շանս է բանակը վերազինելու,  նաև՝ պետական ինստիտուտներն աշխատացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, թե չէ, եթե նորից պատերազմ լինի, ինչպե՞ս ենք կռվելու, էլի աշխարհազորայիններո՞վ»,-հարցրեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Եվ այդ նպատակով համաձայնել են, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:

Լևոն Շիրինյանը ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացման մասին հայտարարությունը դրական լույսի ներքո չի գնահատում, քանի որ նշեց`«հայտնի չէ, պետք է խաղաղարար առաքելություն անե՞ն, թե՞ նաև խառնակչություն»:

Ըստ Շիրինյանի՝ «լեռը երկնեց, մուկ ծնեց», քանի որ, հիշեցրեց, որ երբ նախագահները հանդիպում էին, Նախիջևանի մոտակայքում և շփման գծի երկայնքում Ադրբեջանը զինավարժություններ էր անում:

Նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասնել էր, որ այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է պայմաններ ստեղծվեին բանակցային գործընթացը վերսկսելու համար, ինչպես նաև այն, որ ընդգծվել էր հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որով կփաստվեն միջադեպերը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև՝ ԵԱՀԿ թիմի կարողությունների ընդլայնման մասին էր  խոսք եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել