Չնայած վարկած առաջ չքաշելու որոշմանս՝ հիմա պիտի մի բան հիշեցնեմ, որը, նախօրոք գիտեմ՝ շատերը կընդունեն որպես վիրավորանք, ոմանք էլ, թերևս, իրոնիայով կվերաբերվեն: Բայց էս կլոունադան ինձ լուրջ ներվայնացնում է: Հայրիկյանի մասին էս քանի օրն ինչ ասես, որ չասվեց՝ էլ հերոս, էլ անկախության խորհրդանիշ, մահափորձի համար կասկածյալների ցուցակում հարմարավետորեն «տեղավորվեցին» գրեթե բոլորը՝ ԿԳԲ-ից ու Բաքու-Անկարայից մինչև իշխանություններ ու «ընդդիմադիր» այլ թեկնածուներ: Ընդ որում, էս քննարկումներին մասնակցած առանց բացառության բոլորը միահամուռ պնդում էին, թե Հայրիկյանի դեմ իրականացվածը զուտ քաղաքական էր և չէր կարող, ասենք, կենցաղային բնույթ ունենալ (ասենք՝ թարախոտ հարևանը, ով Պարույրի հետ չուներ, կխփեր կա՛մ մինչև Հայրիկյանի առաջադրումը, կա՛մ էլ ընտրություններից հետո): Բայց կարևորը սա չէ: Որևէ մեկի մտքով չանցավ քննարկել անձնական վերժխնդրության տարբերակը:
Հիշողության կորուստ ունեցողներին հիշեցնեմ, որ Պարույր Հայրիկյանի կենսագրությունն էնքան անբասիր չի, որքան հիմա փորձում են ներկայացնել: Էս մարդը 1992 թվականին նշանակվել էր Գորիսի պարետ և ունենալով որոշակի ռազմական գործառույթներ՝ իրեն դրել էր Վարդան Մամիկոնյանի տեղը: Մասնավորապես, հենց Պարույր Հայրիկյանի անհեռատեսության ու, ինչու՞ չէ, սեփական «ռազմական հանճարը» գերագնահատելու արդյունքում նույն 92 թվականին «Արաբո» ջոկատի տղաները ուղարկվեցին Լաչին և, ընկնելով շրջապատման մեջ, այլևս չվերադարձան: Իսկ ամենաողբերգականն էն էր, որ ադրբեջանցիների կողմից պատրաստված այս ծուղակի մասին հայկական կողմը տեղեկացված էր, և նույն Հայրիկյանին Վազգեն Սարգսյանն անձամբ էր զգուշացրել չդիմել ռազմական արկածախնդրության: Չլսեց, տղաները չվերադարձան և, արդյունքում, Պարույր Հայրիկյանը Գորիսի պարետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց: Թե Վազգեն Սարգսյանն ի՞նչ բառերով էր մակագրել այդ դիմումը՝ բոլորովին այլ հարց է և էս պահին խիստ երկրորդական: Հիշեցնեմ նաև, որ շուրջ 2 տարի առաջ ազերները կադրեր էին ուղարկել, որտեղ հստակ երևում էր, թե «Արաբոյի» տղաներն ինչ անասնական վայրագությամբ էին սպանվել, և էդ կադրերը տեսան նաև զոհվածների ընտանիքների անդամները: Ու արդյո՞ք էսքանից հետո Հայրիկյանը կամ նրա համակիրները կարող են նույն վստահությամբ պնդել, թե Գորիսի նախկին պարետն անձնական թշնամիներ չուներ և չէր էլ կարող ունենալ: Կասկածում եմ: Միաժամանակ, սակայն, ասեմ, որ ես որևէ մեկին չեմ ակնարկում: Բայց ինչո՞ւ նաև էս տարբերակը չքննարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել