Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի՝ իշխանափոխության հայտ ներկայացնելու մասին հայտարարությանը և նրա հետ հնարավոր համագործակցության հարցին: 

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ այն քաղաքական ուժը, որը նոր է ձևավորվում և իրեն ընդդիմադիր դաշտում է տեսնում, չի կարող խուսափել այդ ձևակերպումներից և միանշանակ պետք է պահանջի իշխանափոխություն:

«Դա առաջին քայլն է, և ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ դա նորմալ է: Ես հավատում եմ այդ անկեղծությանը, որ նրանք ձգտելու են դրան, բայց ինքս դրա հնարավորությունը առայժմ չեմ տեսնում, քանի որ մի տեսակ ապատիա կա քաղաքական դաշտում»,-ասաց նա:

Պատգամավորի գնահատմամբ՝ այսօր, ըստ էության, ընդդիմադիր դաշտը միասնական չէ՝ ինչպես 2007-2008 թվականին էր: «Մենք երկար պայքարեցինք իշխանափոխության համար և շատ մեծ ձեռքբերումներ ունեցանք. հասարակությունն էլ այսօր այն չէ, ինչ-որ 2007-2008 թվականն էր: Քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական նախաձեռնությունները բոլորը ծնունդ առան 2008 թվականի շարժման արդյունքում կամ մենք գոնե նպաստել ենք դրան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի՝ նախկինում իշխանության մեջ լինելու փաստին, ապա Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ չի ցանկանում խոսել անձի մասին, այլ քաղաքական ուժի մասին է խոսում: Անդրադառնալով «Համախմբման» հետ համագործակցությանը՝ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ որևէ խոչընդոտ չի տեսնում ընդդիմադիր դաշտում համագործակցության առումով:

«Ամեն մի գործչի հարցում ունեմ իմ դրական, բացասական մոտեցումները, նրանց անցած ուղու մասին պատկերացումները և փաստերը, հետևաբար՝ ինձ կաշկանդող ոչինչ չկա: Վերակազմյալ ՍԴՀԿ-ին այդ առումով կաշկանդող ոչինչ չկա, եթե, իհարկե, չկան այլ հանգամանքներ, որոնք կարող են հետագայում մեզ հիասթափեցնել այս կամ այն քաղաքական ուժի վերաբերյալ»,-ասաց նա:

Ըստ  պատգամավորի՝ այսօր ինչ-որ դաշինքների մասին խոսելն անշնորհակալ գործ է, թեև  կարծում է, որ մեկ-երկու քաղաքական ուժերի դաշինքը որևէ արդյունք չի կարող տալ 2017 թվականի ընտրությունների ժամանակ:

«Միայն համախմբված ընդդիմության միջոցով կարելի է ակնկալել լուրջ արդյունք, հակառակ դեպքում՝ այդ դաշինքները արդեն ձևավորման պահից սկսված վտանգված են: Հետևաբար, կարծում եմ, արդարացված կլինի միայն միասնական ընդդիմության դաշինքը, որի հնարավորությունը չեմ տեսնում»,-ասաց նա և չբացառեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը՝ «Համախմբման» միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել