Առավոտյան աշխատանքի գնալիս, ես երբեք տաքսի չեմ պատվիրում։ Ո՛չ սովորական տաքսի սերվիսներից, ո՛չ GG-ից, ո՛չ էլ Yandex-ից կպատվիրեմ, երբ ծառայությունը գործի Հայաստանում։ Գորիծի ես գնում եմ մեր թաղի տաքսիներով․ մի քանի թաղեցի մարդ կա, որ իրենց անձնական մեքենաներով օրվա մեջ մի քանի ժամ տաքսավատ են անում, այ իրենցից էլ օգտվում եմ առավոտյան։ Իրենցից մեկի անուն Գևորգ է, դրա համար էլ պայմանականորեն Գևոր ձյաձյային եմ ընտրել GG-ի ու Yandex-ի համատեսքտում։ Կապ չունի, որ Գևորգ ձյաձյայի մեքենան էնքան լավը չի, որքան տաքսի ծառայություններինը, կարևոր չի, որ իրա մոտ մինիմալը 500 է։ Առավոտյան ես աշխատանքի գնալու եմ Գևոր ձյաձյայի հետ, անգամ եթե դա նշանակելու է 300 դրամ ավել վճարել։ Ինչո՞ւ։ Կարծում եմ զուտ հարցի սենտիմենտալ կողմն է ու քաղաքային կոլորիտը․ թող իմ փողը գնա թաղեցի խելոք ու աշխատասեր մուժիկի գրպանը։

Հիմա GG VS Yandex պոլեմիկայի մասին։ Անկեղծ ասած, ես հավասարակշռված նեյտրալ դիրքորոշում ունեմ այս հարցում։ Ենթադրում եմ, որ եթե ռազմահայրենասիրական պաթոսը դնենք մի կողմ, ապա տեղ է գտել հետևյալը․ Yandex-ը ցանկացել է գնել GG-ին ու դրա պլատֆորմի վրա իր ծառայությունը մտցնել։ GG-ին կամ չի ուզեցել վաճառվել, կամ էլ այնպիսի գին է ասել, որ չեն տվել, և արդյունքում Yandex-ը որոշել է 0-ից մտնել շուկա և միանգամից այնպիսի անոնս է արել, որ բոլորը խառնվել են իրար։

Իմ կարծիքով, ոչ մի աղետալի բան չի լինի, եթե Yandex-ը մտնի։ Ասեմ ավելին, եթե լավ բան չլինի արդյունքում, ապա վատ բան դժվար լինի։ Ասել կուզեմ, որ կսկսվի առողջ մրցակցություն ու ինչ-որ մի էտապից այլ ծառայությունները ևս կարող են հրաժարվել «մինիմալ» հասկացողությունից։ Ով էլ չի հրաժարվի՝ դուրս կմղվի շուկայից, բայց դա նորմալ է։ Ի վերջո, Երևանում տաքսու բիզնեսը ամենախիտն ու գերհագեցածն է։ Մի երկու տարի առաջ կարդացի, որ միայն Երևանում շուրջ 70․000 միավոր մեքենա ներգրավված է այս բիզնեսում։ Ակնհայտ է, որ Yandex-ը չի պատրաստվում 70․000 մեքենա բերել ու ոչ էլ պատրաստվում է ամբողջ շուկան իրենով անել։ Ակնհայտ է, որ եթե GG-ին մտնի մրցակցային պայքարի մեջ, ապա ուղևորների համար էլի շատ հետաքրքիր առաջարկներ կունենա իր արսենալում։ Արդյունքում՝ կունենանք մրցակցություն երկու և ավել ընկերությունների մեջ, ովքեր կպայքարեն մեզ՝ ուղևորներիս համար և դա կանեն հնարավորինս ավելի գայթակղիչ առաջարկ անելով։ Ու սա նորմալ է, որովհետև քաղաքակիրթ կապիտալիզմում այս օրենքն է դոմինանտ։

Բայց ինչպես նշեցի, առավոտները ես, միևնույն է, Գևորգ ձյաձյայի հետ եմ գալու աշխատանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել