Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ պետք է մեր գիտական ներուժի շնորհիվ զարկ տանք ռազմարդյունաբերությանը, կիրառենք նոր տեխնոլոգիաներ, հնարավորինս անվտանգ դարձնենք սահմանին կանգնած զինվորի կյանքը:
Ու ահա թե ինչ միտք են մղացել մեր երկու վաստակաշատ գիտնականներ ԳԱԱ թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, նանոտեխնոլոգիաների բազային լաբորատորիայի վարիչ, ՀԱՊՀ-ի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ Սևան Դավթյանը և քիմիական գիտությունների դոկտոր, պոլիմերիզացիոն պրոցեսների բազային լաբորատորիայի վարիչ Անահիտ Տոնոյանը: Գիտնական այս զույգը, ում աշխատանքների մասին արդեն խոսել ենք, առաջարկում է առաջին հայացքից ֆանտաստիկ թվացող մի բան:
Զինվորական գործում զրահաբաճկոններն անփոխարինելի են: Դրանք պաշտպանում են զինվորի կյանքը մահացու փամփուշտից: Սակայն այդ բաճկոնների ամենամեծ թերությունն այն է, որ փամփուշտի` բաճկոնի մեջ խրվելուց արձակվում է մեծ ջերմություն, ինչի հետևանքով տվյալ հատվածում սովորաբար առաջանում է այրում: Իսկ եթե այրումը կենսականորեն կարևոր օրգանի շրջակայքում է, օրինակ` սրտի, ապա բաճկոն կրողը կարող է մահացու վիրավորվել ոչ թե փաշփուշտից, որից բաճկոնը նրան պաշտպանել է, այլ առաջացած ջերմությունից:
Եվ ահա մեր գիտնականները աներևակայելի լուծում են առաջարկում` կենսականորեն կարևոր օրգանների շրջակայքում բաճկոնի վրա տեղադրել նանոտեխնոլոգիայով մշակված… բնական սարդոստայն: Պարզվում է` սարդի թելերը շատ ամուր են, գերազանցում են նույնիսկ պողպոտյա թելին: Բացի այդ, սարդոստայն հյուսելիս սարդն արտադրում է ֆերմենտներ, որոնք հակակպչուն, այսինքն` հետ մղող են իր ոտքերի, սակայն կպչուն այլ միջատների համար: Ու ահա Դավթյան-Տոնոյան զույգը ուսումնասիրել է բնական այդ «արտադրանքի» հատկությունները, առանձին ֆերմենտներ օգտագործել պոլիմերիզացիայի համար, ստացել նանո-խողովակներ և դրանցով պատրաստել պոլիմերային նանո-կոմպոզիտներ: Ու եթե սարդոստայնի հիման վրա ստեղծված այդ պոլիմերային նանո-կոմպոզիտները տեղադրվեն զրահաբաճկոնների համապատասխան հատվածներում` հետ կմղեն փամփուշտը և այրում չի առաջանա:
Գիտական մասով բոլոր ուսումնասիրություններն ավարտված են, փորձակումները կատարված են: Այժմ խնդիրը լաբորատարիայից դեպի տեխնոլոգիա անցումը ապահովելն է: Ս.Դավթյանն ու Ա.Տոնոյանը պատրաստ են շարունակել նաև այդ վերջին փուլի ուսումնասիրությունները և խնդրին տալ վերջնական լուծում:
Նրանց այդ հայտնագործության մասին պատկան մարմինները տեղյակ են: Առաջիկայում տեղի է ունենալու համապատասխան հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գիտնական զույգը կներկայացնի իր զեկույցը: Ու եթե այն հավանության արժանանա, մենք կունենանք նանոտեխնոլոգիայով մշակված, աշխարհում իր տեսակի մեջ եզակի զրահաբաճկոններ:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել