Եվրոպայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության վերաբերյալ հնչող կարծիքներում մեծամասամբ գերակշռում են դժգոհությունը, հիասթափությունը՝ հիմնականում պայմանավորված դիտարժան, գոլառատ և արագ տեմպային խաղի բացակայությամբ. ի տարբերություն Euro 2016-ի՝ տրամագծորեն հակառակ ֆուտբոլն է արձանագրվում զուգահեռաբար ընթացող մեկ այլ մայրցամաքի առաջնության՝ Copa America 2016-ի ընթացքում, որի առանձին խաղերում ցայժմ գրանցվել է մինչև 7-8 գոլ:

Բնականաբար, այս հարցում ոլորտի մասնագետների հիմնավորումներն ու վերլուծությունները շատ ավելի բովանդակալից բացատրություն կտան երևույթին, վեր կհանեն դրա խորքային պատճառներն: Այնուամենայնիվ, սիրողական մակարդակում վերլուծելով իրողությունն, ըստ իս՝ այն կարելի է դիտարկել առավել գլոբալ հարթության մեջ. Euro 2016-ը ևս ցույց է տալիս, որ ժամանակակից եվրոպական ֆուտբոլն, ասենք, ի տարբերություն նախկին ավանդույթների, կամ այլ մայրցամաքներում ընթացող առաջնությունների, աստիճանաբար վերածվում է համակարգի, որտեղ անհատ խաղացողի դերակատարությունը դեռևս կարևոր, բայց արդյունքի առումով՝ համեմատաբար պակաս վճռորոշ է դարձել. ի դեպ, Արևմուտքին բնորոշ այս իրողությունն արդեն սովորական է եվրոպական հանրային կյանքի բոլոր բնագավառների դեպքում:

Յուրաքանչյուր թմի մարտավարություն մշակողներն, իրենց նախընտրած խաղաոճին համապատասխան, այնպիսի ֆուտբոլիստներ կարող են ընդգրկել հավաքականներում, որոնք պարզապես կխափանեն հակառակորդի այլ մարտավարական մոտեցումներն՝ անկախ նրա ունեցած «աստղային կազմի». այս համատեքստում, պարզապես հաղթում է առավել արդյունավետ գործող «ֆուտբոլային համակարգը»...

Լավ է, թե վատ, սա է իրողությունը. համակարգային մոտեցումն աստիճանաբար գերակայում է բոլոր բնագավառներում. պարզապես պետք է ճշգրիտ կերպով գնահատել իրավիճակն ու ընտրել լավագույն լուծումները…

Հ.Գ. EURO 2016-ի՝ արդեն երրորդ խմբային շրջափուլի մեկնարկին ուրվագծվել են ակնհայտ առաջատար հավաքականները՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի ազգային ընտրանիները, բավական խոստումնալից են գործում նաև բելգիական, խորվաթական թմերը. մինչդեռ, իմ խորին համոզմամբ, հաղթելու է նշածս առաջին 2 «համակարգներից» որևէ մեկը՝ բնականաբար նաև հաշվի առնելով, գուցե տեսակետիս իմաստային առումով հակասող, հոգեբանական որոշ առավելություններ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել