«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոանիսյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցել Ընտրական օրենսգքի վերաբերյալ ընդդիմության ու իշխանության քննարկումներին և չեն ստորագրել կոնսենսուսի վերաբերյալ փաստաթուղթը:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ ներքաղաքական գործընթացներում ու, մասնավորապես, ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացում ակտիվություն դրսևորած այս կառույցը հանկարծ փոխել է իր դիրքորոշումը: Հատկապես, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նրանց նախապես ներկայացրած հինգ պահանջներից չորսն իշխանությունները բավարարել էին:

Ճիշտ է, Իոանիսյանը պատճառաբանում է, թե իրենց՝ պահանջներ ներկայացնելուց հետո իշխանությունները որոշ փոփոխություններ են արել, որոնց հետ իրենք համաձայն չէին, բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչո՞ւ անմիջապես չհրաժարվեցիք քննարկումներից: Իոանիսյանը դրա պատասխանն էլ ունի՝ հույս էր տածում, որ լրագրողական կազմակերպությունները ճնշում կգործադրեն իշխանությունների վրա:

Եթե անկեղծ, նրա այս փաստարկներն ավելի շատ նման են պատճառաբանությունների ու արդարացումների, քան իրական հիմնավորումների:

Տրամաբանորեն Իոանիսյանը և նրան հարող քաղաքացիական սեկտորն այլ խնդիրներ ունի: Նրանք պարզապես աստիճանաբար կորցրել են ազդեցությունը գործընթացների վրա և որպեսզի չհայտնվեն լուսանցքից դուրս ու պահպանեն որոշակի ազդեցություն գործընթացների վրա, արդեն հակառակ դիրքորոշում են որդեգրում: Սրանով նրանք նաև ավելի են խորացնում ակտիվ ու սկզբունքային ընդդիմադիր կազմակերպության իրենց իմիջը:

Պարզապես երբ կուսակցությունները, այն էլ այդպիսի մեծ թվով, եկան համաձայնության և խնդրի հետագա զարգացումներն այսուհետ տեղափոխվելու են խորհրդարանական ամբիոն, քաղաքացիական նախաձեռնությունները այդ հարթակում իրենց ավելի թույլ ու երերացող զգացին, ուստի նորից հետ քաշվեցին այնտեղ, որտեղ ավելի ամուր հիմքեր ու ազդեցություն ունեն՝ այսինքն քաղաքացիական ակտիվության դաշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել