Հայաստանի նախագահի ընտրության քվեարկության օրը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի: Հունվարի 31-ին մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երեկ հայտարարել է, որ ստիպված է ակամայից երկարաձգել ընտրարշավը ևս երկու շաբաթով, քանի որ բժիշկները հորդորել են ևս մեկ շաբաթ անկողնային ռեժիմ պահպանել:
Ինչպես հայտնի է, եթե թեկնածուներից որևէ մեկի համար առաջանում են անհաղթահարելի խոչընդոտներ, ապա ընտրությունը երկարաձգվում է ևս երկու շաբաթով: Իսկ եթե այդ խոչընդոտները այդ ընթացքում չեն վերանում, ապա նշանակվում է արդեն նոր ընտրություն՝ երկու շաբաթը լրանալուց 40 օր անց: Այդպես սահմանված է Սահմանադրությամբ: Նոր ընտրությունը նշանակում է թեկնածուների նոր առաջադրում:
Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ ինքը նոր ընտրության տրամադրված չէ, բայց երկու շաբաթ երկարաձգելը, ըստ էության, ստացվում է ակամայից: Նա հուսով է, որ մոտ տասը օր անց արդեն կապրի լիարժեք կյանքով:
Այսպիսով՝ ի՞նչ հնարավոր զարգացումների կարող է բերել երկշաբաթյա հետաձգումը: Արդյոք սա ընդամենը տեխնիկակա՞ն խնդիր է, թե՞, այնուամենայնիվ, երկու շաբաթները կարող են բերել նաև իրավիճակի էական փոփոխության: Այս կապակցությամբ արդեն իսկ տարբեր տեսակետներ շրջանառվել են, որոնք բազմազան են՝ ինչպես Հայրիկյանի դեմ մահափորձի քննարկվող վարկածները:
Իհարկե, երկու շաբաթների ընթացքում հնարավոր է ամեն ինչ, բայց մի բան պարզ է, որ ամեն ինչ կախված է առաջին հերթին նրանից, թե ով ինչպես կօգտագործի այդ երկու շաբաթը: Այսինքն՝ մեծ հաշվով սա հնարավորություն է բոլորի համար: Նկատի ունենք թեկնածուներին, և ամեն ինչ կախված է նրանից, թե ով ինչ արդյունավետությամբ կօգտագործի այդ հնարավորությունը: Բայց սրան զուգահեռ՝ անկասկած է, իհարկե, որ ինչպես մինչև հիմա, այնպես էլ հնարավոր երկարաձգման դեպքում ընտրական գործընթացը չի դադարի մեծ հաշվով թատրոն լինելուց և չի դառնա իրական ներքաղաքական միջոցառում, որտեղ հասարակությունը իր քվեարկությամբ ինչ-որ բան կվճռի:
Միևնույն ժամանակ, երկարաձգման մեջ կան նաեւ ռիսկեր, առաջին հերթին, բնականաբար, իշխանությունների համար: Սերժ Սարգսյանն ու իշխող համակարգը անշուշտ կցանկանան ամեն ինչ ավարտել հնարավորինս արագ, որովհետև ինչքան էլ ընտրությունները մեծ հաշվով անցնում են առանց լուրջ և բախումնային հակադրության, այնուհանդերձ ընտրություններն ինքնին ենթադրում են համընդհանուր լարվածություն և ձգվածություն, ու իշխանությունները, բնականաբար, կցանկանան շուտ անցնել այդ փուլը և դուրս գալ նաև միջազգային դիտորդների խոշորացույցի տակից:
Պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, անընդհատ փորձում են գեներացնել այն միտքը, որ Հայրիկյանի առողջական վիճակը միգուցե չի ստիպի ընտրությունների ժամկետը հետաձգել: Բայց, ինչպես երևում է, Հայրիկյանը կմնա անկողնում առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ ընտրություններն էլ փետրվարի 18-ի փոխարեն կկայանան երկու շաբաթ ուշ՝ մարտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել