Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը լուրջ ճգնաժամ է ապրում. ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ թուրքական տնտեսության մեջ նման իրավիճակ էր ստեղծվել նաև 1990-ական թվականների վերջին:
Թուրքիայի զբոսաշրջային ինդուստրիայում արձանագրված ներկա խնդիրների հիմքերը մի քանիսն են՝
1. Սիրիական ճգնաժամի շրջանակներում և հատկապես թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո խորացած ռուս-թուրքական հակամարտությունը: Դրա հետևանքով, որպես օրինակ, միայն 2016 թ. ապրիլ ամսվա ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա նվազել է 79%-ով:
2. Թուրքիայում ստեղծված անվտանգային փխրուն իրավիճակը: Տարաբնույթ խմբավորումների՝ քրդական որոշ կառույցների, իսլամական ծայրահեղ արմատական մի շարք կազմակերպությունների կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկչական հարձակումներն, որոնք, ինչպես, ասենք, Եգիպտոսի պարագայում, նպատակ ունեն լուրջ վնաս հասցնելու երկրի տնտեսությանը՝ հստակ թիրախավորելով, օրինակ, զբոսաշրջային ոլորտը:

Նշված երկրորդ պատճառի ազդեցությամբ հատկապես նվազել է արևմտյան, մասնավորապես՝ եվրոպական երկրներից զբոսաշրջիկների այցելությունները Թուրքիա, որպես օրինակ՝ գերմանացի զբոսաշրջիկների հոսքը նվազել է 35%-ով, բրիտանացիներինը՝ 24%-ով, էական անկում է արձանագրել նաև ֆրանսիացի, հույն, ինչպես նաև՝ ամերիկացի զբոսաշրջիկների թիվը:

Որոշ փորձագիտական գնահատականների համաձայն՝ 2016թ. ընթացքում զբոսաշրջային ոլորտում կրած կորուստները թուրքական բյուջեի համար կարող են արժենալ մինչև 9-10 մլրդ դոլար, այսինքն՝ երկիրը կարող է զրկվել շուրջ 7,6 մլն զբոսաշրջիկներից: Սա այն դեպքում, երբ տուրիզմից ստացված եկամուտները կազմում են Թուրքիայի ՀՆԱ-ի 4-5%-ն, այս բնագավառում ներգրավված է երկրի բնակչության շուրջ 2%-ը: Զբոսաշրջային ոլորտում արձանագրված անկումն իր անուղղակի հետևանքներն է ունեցել Թուրքիայի տնտեսության վրա մեկ այլ ուղղությամբ ևս՝ հանդիսանալով արտարժույթի ներգրավման կարևորագույն աղբյուրներից. որպես օրինակ՝ 2015թ., նաև հաշվի առնելով թուրքական ազգային արժույթի արժեզրկման իրողությունը, Թուրքիայի արտարժույթային պահուստները նվազել են մոտ 12 մլրդ դոլարով:

Վերոնշյալի համատեքստում, ամառային հանգստի սեզոնին ընդառաջ՝ Թուրքիայում և Եգիպտոսում ստեղծված իրավիճակից էականորեն օգտվում են զբոսաշրջային ինդուստրիա ունեցող մի շարք այլ երկրներ՝ Ռուսաստանը, Վրաստանը, Հունաստանը, Բուլղարիան և այլն, որոնք, իրենց հերթին, նախորդ տարիների համեմատությամբ զգալիորեն թանկացրել են ծառայությունների արժեքները, որպես օրինակ Վրաստանի պարագայում աճը կազմել է 30-40%:

Հ.Գ. Վերոշարադրյալը, որոշակիորեն, կիրառական նշանակություն կարող է ունենալ նաև հայաստանյան զբոսաշրջային ոլորտի սուբյեկտների, ինչպես նաև՝ ամառային հանգիստն արդենիսկ ծրագրող հայ զբոսաշրջիկների համար: Հայերիս շրջանում ավանդաբար լայն տարածում ունեցող Թուրքիայում և Եգիպտոսում ստեղծված անվտանգային խրթին իրավիճակը մի կողմից, Վրաստանում, Ռուսաստանում արձանագրվող ծառայությունների գների աճը մյուս կողմից, առավել շահեկան վիճակ են ստեղծում հայաստանյան զբոսավայրերի համար: Իսկ ոլորտի հայրենի պատասխանատուների կողմից համապատասխան քաղաքականության իրականացման, առավել նպաստավոր առաջարկների ներկայացման դեպքում հնարավոր կլինի ոչ միայն առարկայորեն ազդել մեծաթիվ ՀՀ քաղաքացիների, այլև՝ պատկառելի թվով օտարերկրացի տուրիստների. ի դեպ, այս առումով, լրջագույն դրական ազդակ է նաև Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկման իրողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել