Ճիշտ է, շատ հարցեր կան դեռևս անհասկանալի, սակայն այս պահին ինձ համար ամենաանհասկանալին դեռևս մեկն է: Ինչո՞ւ են արդյոք մեր համաքաղաքացիները սիրում ամեն ինչից շոու դարձնել: Մի քանի թեմա կարելի է անմասն թողնել, և ոչ մեկի սիրտը, կարծում եմ, դրանից չի դադարի բաբախել: Այժմ ամենից շատ քննարկվող թեման Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձը և նրա առողջական վիճակն է, բայց, հարգելիներս, ձեզ դա չի հուզում և մեծ հաշվով ոչ մեկդ էլ սրտացավորեն չեք վերաբերվում նրան, միայն քննարկում եք, թե ո՞վ, ինչպե՞ս, որտե՞ղ, ինչո՞ւ, ձեր անհատական կարծիքներն «գլուխգործոցներն» եք տարածում ժողովրդի մեջ: Մեկ բառով՝ այժմ հայ ժողովուրդը զբաղված է ակտիվ բամբասանքով: Ժամը 15:00 - ի շրջանում Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը շրջափակված էր ոստիկաններով և նրանց ծառայողական մեքենաներով, բնականաբար հավաքվել էին մարդիկ, ուշադիր նայում էին, թե ով է գալիս, ով գնում: Բայց դա այդքան էլ էական չէ, որքան նրանց անտարբերությունը այն մարդու հանդեպ, ով վիրավոր պառկած է հիվանդանոցում, նրանք միայն կարողացան իրենց զարմանքը արտահայտել մեքենաների մակնիշների և պաշտոնյաների թվի վերաբերյալ: Ինչպե՞ս կարելի է այսքան խղճուկ լինել: Եթե ցանկանում եք, որ ձեզ երբևիցե նման կերպ չվերաբերվեն, ինքներդ նախ փոխեք ձեր վերաբերմունքը ձեր իսկ քաղաքացու հանդեպ: Տեղյակ լինելով Պարույր Հայրիկյանի վիճակի կայուն լինելու մասին` ընդամենը ցանկանում եմ նրան շուտափույթ ապաքինում և առողջություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել