Ընդամենը մի քանի ժամից կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը: Իսկ ինչո՞վ զարմացրեց առաջին տուրը: Հավաքականների վատ խաղով: Որքան էլ զարմանալի եւ տարօրինակ է, նույնիսկ հավակնորդ ընտրանիների խաղը չտպավորեց: Մյուս կողմից հասկանալի է, որ որեւէ հավաքական չցանկացավ լիարժեք "բացվել" հենց մեկնարկում: Պարզապես հուսանք, որ սկսած երկրորդ տուրից, կտեսնենք այ ֆուտբոլը, որը ցանկացել ենք տեսնել: Խմբային փուլի առաջին տուրից հետո միակ հավաքականը, որի խաղը քիչ թե շատ տպավորեց, Իտալիան էր: Կատենաչչոյի հիմնադիրներն ու դրա վարպետները ցույց տվեցին, որ նույնիսկ պաշտպանողական խաղը տեղ ունի ժամանակակից ֆուտբոլում, որտեղ ընդամենը մեկ-երկու ճիշտ ու գրագետ հակագրոհները կարող են "խաղից դուրս թողնել" մրցակիցներին: Ֆրանսիայի ընտրանին, առանց մի քանի առաջատարների, դժվարությամբ ծնկի բերեց Ռումինիային: Ֆրանսիայի դեպքում առավել քան ակնհայտ էր, որ խանգարեց մեկնարկային լարվածությունը: Որքան էլ ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ լինեն, նրանք նույնպես մարդիկ են, ովքեր հսկայական պատասխանատվություն են զգում սեփական հարկի տակ անցկացվող մրցաշարում: Իրենց խաղը գտնելու եւ վերջապես չեմպիոնական խաղ ցուցադրելու համար ֆրանսիացիներին այսօր վստահ հաղթանակ է անհրաժեշտ առաջնության նորեկ Ալբանիայի ընտրանու նկատմամբ: Ընտրական փուլում այս հավաքականները հանդիպել են միմյանց եւ լավ ծանոթ են: Թվում է, թե Ֆրանսիան կարող է հեշտ հաղթանակ տանել, սակայն առաջին խաղում պարտություն կրած ալբանացիներն այսօր խաղալու են առաջնությունում մնալ-չմնալու համար: Հենց այդ հանգամանքն էլ լրացուցիչ ու մեծ հետաքրքրություն է հաղորդելու դիմակայությանը: Խմբի մյուս խաղում նույնպես ծանր եւ լուրջ պայքար կլինի: Շվեյցարիան կփորձի առաջին տուրի հաջողությունը կրկնել նաեւ այս անգամ, սակայն Ռումինիայի համար այսօրվա հանդիպումը նույնպես կարող է ճակատագրական լինել: Մի խոսքով, նույն խմբում կայանալիք երկու ծանր եւ կարեւոր հանդիպում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ընտրանուն, ապա Անգլիայի հետ կայացած հանդիպման վերջին վայրկյաններին կորզած ոչ-ոքին կարող է հոգեբանական շատ մեծ խթան լինել Սլուցկու թիմի համար: Եթե անկեղծ լինեմ, ապա Անգլիայի հետ կայացած խաղում տպավորեց Արտյոմ Ձյուբան: Գուցե ասածս շատերի համար տարօրինակ հնչի, սակայն ես խաղերը նայում եմ ոչ միայն գոլերի համար, այլ նաեւ հետեւում եմ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի խաղին: Ձյուբան ֆիզիկական ուժեղ տվյալներով ֆուտբոլիստ է, ով կարողանում էր շատ հեշտ ընդունել գնդակը, պահել մարմնով: Դա կարող է լուրջ առավելություն լինել Սլովակիայի հավաքականի հետ խաղում: Կարծում եմ, որ ռուսներն իրենց գործն ավարտին հասցնելու հնարավորությունը չեն թողնի բրիտանական ֆուտբոլի մյուս ներկայացուցչի՝ Ուելսի հետ հանդիպմանը: Առաջին տուրում սպասվածից թույլ հանդես եկան նաեւ Իսպանիայի եւ Գերմանիայի ընտրանիները: Եթե Գերմանիայի դեպքում "մեղավորն" Ուկրաինան էր, որը գերազանց հանդիպում անցկացրեց, ապա իսպանացիներն իրենք էին մեղավոր, որ չկարողացան օգտվել ֆուտբոլում առաջին քայլերը կատարող ֆուտբոլիստների տպավորություն թողած Չեխիայի հավաքականի հետ խաղում վստահ առավելությամբ չհաղթելու համար: Իսպանիայի եւ Չեխիայի հավաքականների հետ նույն խմբում ընդգրկված Խորվաթիան ունի բոլոր հնարավորությունները՝ խմբում պայքարն առաջին հորիզոնականում ավարտելու համար: Թուրքիայի հետ կայացած խաղում զգացվեց, որ խորվաթներն ունեն հսկայական պոտենցիալ, որն էլ կսկսեն օգտագործել արդեն երկրորդ տուրից սկսած: Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա պետք է փաստել, որ այս հավաքականը նույնպես ունի մեծ պոտենցիալ: Չնայած Իսլանդիայի հետ խաղում արձանագրված ոչ-ոքի արդյունքին, Պորտուգալիան մնում է խմբի հաղթողի հիմնական հավակնորդը: Չմոռանանք, որ հենց այդ հավաքականում է հանդես գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Թերեւս հենց միայն Ռոնալդուն է, որ կարող է այս առաջնությունում միայնակ առաջ տանել իր հավաքականին: Միայն Ռոնալդուի կարգն ու վարպետությունն են համապատասխանում հավաքականներում նման դերակատարությանը: Մնում է միայն սպասել եւ հույս ունենալ, որ առաջին տուրում հավաքականների ցուցադրած անատամ խաղն այդպես էլ կմնա միայն առաջին տուրում: Ի վերջո, իրավունք ունենք վայելելու այն հետաքրքիր առաջնությունը, որը խոստանում էր դառնալ Եվրո-2016-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել