Տավուշի մարզում մայրը 14-ամյա աղջկան ամուսնացրել է 28-ամյա երիտասարդի հետAravot.am-ը գրում է.

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ Մհեր Բաբայանը լինելով 28 տարեկան, 2016թ. փետրվարի 28-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած, Տավուշի մարզի Նորաշեն գյուղի անչափահաս բնակչուհու՝ 2001թ. դեկտեմբերին ծնված աղջկա հետ, վարել համատեղ ամուսնական կյանք եւ պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցել վերջինիս հետ: Մ. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողությունները կատարելը, որը կատարվել է նույն անձի նկատմամբ պարբերաբար»):

Այդ հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: Ըստ դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգի՝ Մ. Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մինչ դատաքննությունը սկսվելը Մ. Բաբայանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը նրա միջնորդությունը բավարարել է:

Դատարանը Մ. Բաբայանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա բնութագրվում է դրական, նախկինում արատավորված չի եղել, հանցանքը կատարել է տուժողի հետ ընտանիք կազմելու նպատակով, վերջինս գտնվում է նրա խնամքին եւ խնդրում է Մ. Բաբայանին չպատժել, վերջինս ընդունում է մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարած արարքի համար:

Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ հանցագործությանը կատարմանը նպաստել է տուժողի մայրը, որը Մ. Բաբայանին հրավիրել է իր տուն, ծանոթացրել իր դստեր հետ եւ նույն օրը, ընդամենը մի քանի րոպե զրուցելուց հետո տասնչորսամյա աղջկան Մ. Բաբայանի հետ ուղարկել նրա տուն՝ ամուսնության նպատակով: Հունիսի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Մհեր Բաբայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ նրան դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Դատարանը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 2 տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել