download-1ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ի երեկոյան տեղի ունեցած մահափորձը նոր հարված է Հայաստանի Հանրապետությանը: Երրորդ հանրապետության պատմության մեջ երբեւէ այսպիսի մահափորձ չէր եղել նախագահի թեկնածուի նկատմամբ: Բռնությունն այսպիսով՝ մեծացնում է իր ընդգրկումը, ինչը տագնապի նոր ահազանգ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ստեղծված իրավիճակի ուղղակի պատասխանատվությունը կրում է Հայաստանում հաստատված ապօրինի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրավապահ եւ հատուկ ծառայությունների այն համակարգը, որ, քաղաքական հետապնդումների եւ հալածանքների գործիք դառնալով, առանց բացահայտման է թողել 2008թ. Մարտի 1-ի ոճրագործներին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի, Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի, ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունները, այլ աղմկոտ սպանություններ եւ մահափորձեր՝ այսպիսով ազատորեն գործելու հնարավորություն տալով մարդասպաններին:

Իշխանության ներկայացուցիչների դատապարտող հայտարարությունները համոզիչ չեն՝ հանրային անվտանգությունն ապահովելու նրանց մտահոգության առումով: Իշխանությունը տվյալ համատեքստում մեկ «հայտարարություն» ունի անելու՝ նախ՝ Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, ապա՝ հանրային եւ պետական անվտանգությանն առնչվող բոլոր չբացահայտված հանցագործությունների կատարողներին ու կազմակերպիչներին օրենքով սահմանված կարգով բացահայտելը:

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ, Խորհրդային Միության տարիների քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանին մաղթում եմ շուտափութ ապաքինում եւ քաջառողջություն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել