ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է այն տեղեկությունները, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սանկտ-Պետերբուգում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու համար: Ամենայն հավանականությամբ սա կլինի հենց այն հանդիպումը, որը կուրվագծի Ղարաբաղյան հիմնահահարցի հետագա վեկտորը: Այս հանդիպումը նախորդներից տարբերվում է նրանով, որ կողմերը միմյանց հետ բանակցելու  են մանևրելու բավականին քիչ հնարավորություններով: Վիեննայում  ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման մեկնարկը կարող է տրվել արդեն գալիք հանդիպմանը:

Այն,որ Ռուսաստանը մշտապես հակամարտության կարգավորման թելը պահել է իր ձեռքում,գաղտնիք չէ: Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ընթանում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան),սակայն Ռուսաստանը վաղուց, թեկուզ և երկու երկրների հետ ունեցած սերտ բարեկամական հարաբերությունների հաշվին, բավականին ազդեցիկ դեր է խաղում կոնֆլիկտի կարգավորման գործում: Այդ դերի դոմինանտությունը վերջերս Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ «ամրագրեց» նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով որ լիահույս է, որ Ռուսաստանը կկարողանա նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը սեղմ ժամկետներում:

Մի քանի օր առաջ  բավականին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: <<Интерфакс Азербайджан>> գործակալությանը տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և շատ հարցերում պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ի ռազմական պայմանագրով Ռուսաստանի դաշնակիցն է: Հայաստանը նաև որպես լիարժեք անդամ միացավ ԵՏՄ-ին և, իհարկե, Ռուսաստանը չի կարող անտեսել Երևանի շահերը: Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները մշտապես Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս հանդես են եկել միայն սեփական շահերի ու դիրքորոշման տեսանկյունից,որտեղ բացակայել է կոնստրուկտիվ դիալոգի թեկուզ աննշան տարրը: Եվ այժմ Ադրբեջանի դեսպանի հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի դիրքորոշմանը Ղարաբաղյան հարցում ու թեպետ Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,սակայն դրա մասին բացահայտ չի կարող հայտարարել Հայաստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների պատճառով:

Նշանակում է արդյոք սա, որ Բաքուն նախագահների հանդիպմանն ընդառաջ մեղմացնում է երբեմնի ռադիկալ դիրքորոշումը, թե սա Վիեննայում ձեռք բերված համաձայնության նշույլներից է, ցույց կտա ժամանակը:

Մյուս կողմից Արմուտքի՝այսպես ասած ձեռքերի լվացումն ու Ռուսաստանին ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնային մանդատի շնորհումը բավականին հետաքրքիր դրսևորում է։ Գերմանիան ներկայումս հանդիսանում է ԵԱՀԿ համանախագահող երկիր և կողմ է արտահայտվել շփման գծում փոխզսպման մեխանիզմների տեղադրմանը։ Սրան հիշեցնենք, երկար ժամանակ դեմ էր արտահայտվում Ադրբեջանը և ըստ էության, Ռուսաստանն է լինելու Ադրբեջանին հիմնական համոզողը՝ Վիեննայում ստանձնած պարտավորությունների կատարման համար։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել