Անցած շաբաթվա ադրբեջանական մամուլի քրոնիկոնի առանցքը եթե փորձենք գտնել և բնութագրել, ապա պետք է այն անվանենք «սուր հակաիրանական»: Անցած շաբաթ «ադրբեջանական հակաիրանականությունը» արտացոլվել է ոչ միայն մամուլի հրապարակումներում` որոշ դեպքերում, գուցե, արդյունք լինելով լրագրողների սուբյեկտիվ տեսակետների, այլև այն տեղ է գտել քաղաքական գործիչների և պատգամավորների խոսքում` որպես պետական պաշտոնական ուղերձ ԻԻՀ քաղաքական ղեկավարությանը:

Դժվար չէ կռահել, որ Ադրբեջանում այս անգամ հակաիրանական տրամադրությունների սրացման պատճառ է դարձել Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին Թեհրանում ստորագրված հուշագիրը: Ադրբեջանի քաղաքական վերնախավի և հասարակության կողմից այս քայլը ընդունվել է որպես «մեջքից դանակի հարված» Ադրբեջանին:

Ըստ քաղաքագետ Էլշան Մուստաֆաևի` Հայաստանի հետ «պարսից ռեժիմի» ջերմ հարաբերությունների պատճառն այն է, որ Ադրբեջանի հզորանալը դուրս է Իրանի հետաքրքրությունների շրջանակից: Քաղաքագետը նշել է. «Իսլամում չկա «ազգ» հասկացություն, այլ կա միայն «կրոն» հասկացություն և կրոնական եղբայրություն: Ինչպիսի՞ համագործակցությունից կարող է խոսք գնալ մի պետության հետ, որը քո կրոնական եղբայրների հողն է զավթել և քո կրոնական եղբայրների դեմ ցեղասպանություն իրականացրել»: Էլշան Մուստաֆաևը, անցնելով կոռեկտության սահմանները, նույնիսկ համարձակվել է ասել, որ Իրանը իսլամի անվան տակ մարդկանց սպառնալիքի տակ պահող երկիր է:

ԱՀ խորհրդարանի պատգամավոր Ֆարաջ Գուլիևն էլ կարծում է, որ Թեհրանը չի կարողանում մարսել Ադրբեջանի ուժեղ լինելը, և դա է պատճառը, որ «ամուր գրկախառնվում է» Հայաստանի հետ: Գուլիևը, նշելով, որ Իրանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, շահագրգռված չի «Հյուսիսային Ադրբեջանի» հզորացմամբ, իր ընտրած եզրաբանությամբ մեկ անգամ ևս Իրանին հիշեցնում է Իրանի տարածքների հանդեպ պաշտոնական Ադրբեջանի հավակությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել