Հատկապես մեր արտգործնախարարի Թեհրան կատարած այցի ֆոնին Հայաստանի և Իրանի մեջև զարգացող նոր որակի հարաբերություններն այնքան են զայրացրել Բաքվի բռնապետին, որ վերջինիս քարոզչամեքենան, ինչպես Երևանի հին փողոցներում էին ասում, «չարսավով թուրքի կնկա լացին» զուգահեռ սկսել է սպառնալիքներ տեղալ Իսլամական Հանրապետության հասցեին՝ իբր «վախեցնելով», որ Հասան Ռուհանիի՝ Երևան այցի դեպքում, Իլհամ Ալիևը կմեկնի Իսրայել:

Ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի ջղաձիգ արձագանքը թեթև կողմնակի, բայց այսուհանդերձ առարկայական ցուցիչ է առ այն, որ Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության ասպարեզում ամեն ինչ ընթանում է բացառապես դրական զարգացման դինամիկայով, հետևաբար՝ վերը նշված աննախադեպ սպառնալիքն էլ վկայում է, որ Բաքվի բռնապետը չի կարողանում ադեկվատ արձագանքել, որքան էլ դա ցավալի լինի նրա համար, Իրանի հետ հարաբերություններում հայկական կողմից հենց նրան պարբերաբար թելադրվող օրակարգին, ինչին հակադարձելու համար Բաքվի վարչակարգը, մինչ սպառնալիքների քաղաքականության դիմելը, որպես կանոն, ուշացումով կապկում էր մեր կողմից արվող գրեթե բոլոր քայլերը:

Կապկելը՝ կապկել, բայց հենց ադրբեջանական ասացվաքն է պնդում, թե «սովորելը, որ միայն նայելով լիներ, շունը վաղուց մսագործ էր դարձել»: Ըստ էության, որևէ կասկած չկա, որ Իրանի նախագահը հաստատ կայցելի Հայաստան, իսկ Բաքվի բռնապետն այդպես էլ կմնա նայելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել