Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Վերջին երկու օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ խմորումներ են ընթանում: Նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, ապա մի քանի ժամ անց հերքեց այդ հայտարարությունը:

 

Երեկ, սակայն, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռուսական կողմն աշխատում է այդ հանդիպման նախապատրաստման ուղղությամբ: Զուգահեռաբար՝ երկու օր է, Ադրբեջանի կողմից ոգևորված հայտարարություններ են հնչում ոչ միայն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի բացառիկ դերի, այլ հենց այդ` հունիսին կայանալիք հանդիպման մասին:

 

Հայկական կողմից պաշտոնապես դեռևս դիրքորոշում չի արտահայտվել այդ հնարավոր հանդիպման վերաբերյալ, ինչը, ի թիվս մի շարք այլ գործոնների, վկայում է, որ Հայաստանը շահագրգիռ չէ այդ ձևաչափով հանդիպման կայացման մեջ:


Ավելին, դատելով ադրբեջանական ոգևորության չափաբաժնից, բացառված չէ, որ Ռուսաստանն Ադրբեջանին հերթական երաշխիքն է տվել, որ այն, ինչը տապալվեց հայկական զինված ուժերի շնորհիվ, Հայաստանին կպարտադրվի «դիվանագիտական» ճանապարհով:


Բացառված չէ, որ Սանկտ Պետերբուրգում նախագահական գագաթաժողովն այս ձևաչափով կազմակերպելը լրացուցիչ ճնշում է այդ ուղղությամբ: Այսինքն` Ռուսաստանը կարող է այդ հանդիպումը չեղարկել` ՀՕՊ-ի համաձայնագրի վավերացման դեպքում: Այս իրավիճակում, ի դեպ, առնվազն տարօրինակ է գոնե մինչ այս պահն արևմտյան համանախագահների չեզոքությունը:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վիեննայի վերջին հանդիպմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նախաձեռնությունը Ռուսաստանից, ըստ էության, վերցրած արևմտյան համանախագահությունը «բարեկամաբար» այն վերադարձնում է Ռուսաստանին: Դա, տարօրինակ լինելուց բացի, վտանգավոր է և կարող է վկայել այն մասին, որ այլ` ավելի գլոբալ հարցերում Արևմուտքը Ռուսաստանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել` փոխարենը զիջելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դոմինանտությունը և «ռուսական պլանի» իրագործման հնարավորությունը:

Թե կոնկրետ ինչ հարցում՝ դժվար է ասել:

Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ հենց երեկ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ուկրաինական հակամարտության կարգավորումը»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել