Պետության կողմից մենաշնորհների ու հակակոռուպցիոն գործընթացների դեմ ուղված քայլերը չպետք է սահմանափակվեն միայն հայտարարություններով, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ շոշափելի արդյունքներ: Սրա պահանջը նկատվում է թե՛ քաղաքական և թե՛ հանրային դաշտում: Ի՞նչ ունեցանք այս ընթացքում և ի՞նչ մեխանիզմներ են ներդրվել:

Առաջին բանը, որի վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, դա ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում թարմ մեխանիզմի ներդրումն է, որը միտված է բացառել խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում դոմնինանտ դեր ունենալը:
Ի՞նչ է այն իրենից ենթադրում.

Նոր առաջարկվող մեխանիզմով, խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար: Ամենակարևոր նրբությունն այստեղ կայանում է նրանում, որ եթե անգամ ներմուծող ու մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված լինեն, միևնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով, այսինքն եթե ինքը որոշի զբաղվել իր ներմուծած ապրանքի մանրածախ վախառքով մյուս տնտեսվարողների հետ հավասար պետք է մտնի «պայքարի» մեջ:

Թափանցիկության հավելյալ միջոցառումներն են իրականացնելու հատկապես սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաների համար: Մասնավորապես շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները, որտեղ կան բարձր կենտրոնացվածություն, ինչի պատճառով հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհային:

Բացի այդ, ներդրվելու է թեժ գծի ծառայություն՝ ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքնելու նպատակով: Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը իրականացնելու է վարչապետի վերահսկողական ծառայությունը, իսկ ստացված տեղեկատվության և դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով հրապարակվելու է ամփոփ տեղեկատվություն: Օգոստոսի 1-ից էլ, վարչապետի հանձնարարությամբ, ամսական կտրվածքով հրապարակվելու են վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների:

Սա չարաշահումների դեմ ուղված մեխանիզմ է, որը բավականին մեծ փոփոխություններ է ակնարկում: Այն առաջին հերթին մեծածախ ներկրողին կամ վաճառողին զրկում է ներքին շուկայի գների վրա սուբյեկտիվ ազդեցության լծակներից, ինչպես նաև կարող է նվազեցնել երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:

Սրանք փոփոխություններ են, որոնց արդյունքները միանգամից իրենց զգացնել չեն տալու, սակայն որոշ ժամանակ անց հուսով եմ կարող ենք խոսել ներդրված մեխանիզմի դրական հետևանքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել