Գարեգին Նժդեհի կերպարը՝ որպես անկախության գաղափարի հայելի... Նժդեհի կերպարը իրոք բացառիկ է մեր նորագույն պատմության մեջ՝ որպես Առաջին Հանրապետության ռազմական և պետական մեծագույն գործչի: Նա ոչ միայն հայ ազգային-ազատագրական պայքարի հերոսն է հանդիսանում, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության անբաժան մասը կազմող Սյունիքի մարզի ռազմական դիկտատորը՝ սպարապետը:

Նժդեհն ամբողջությամբ ու անվերապահորեն նվիրված էր Հայաստանի անկախության գաղափարին, իսկ արտաքին միջամտությունը՝ 1920-1921 թվականներին դա ռուսական իմպերիալիզմն էր, որը բոլշևիզմի քողի տակ կրկին ներթափանցեց Հարավային Կովկաս՝ Նժդեհը հենց սկզբից կործարանար համարեց Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի երկրների համար: Ամեն ինչ գնում էր նրան, որ հենց Նժդեհը պետք է դառնար մեր անկախ երկրի նոր ազգային առաջնորդը, ինչպես, ասենք, այդ նույն տարիներին՝ մարշալ Պիլսուդսկին եղավ Լեհաստանի համար: Սակայն, ցավոք, պատմության անիվը անբարենպաստ գտնվեց Հայաստանի նկատմամբ:

Իհարկե, Նժդեհի արձանը Երևանում տեղադրվեց շատ ուշացումով՝ այդ արձանը պետք է հայտնվեր 1991-ի Հայաստանի անկախության հռչակումից հետո հենց առաջին տարիներին: Բայց դա չեղավ և չէր էլ կարող լինել, որովհետեև մեր նորանկախ երկրի իշխանական էլիտան այն ժամանակ այդպես էլ չկարողացավ ձեռբազատվել սովետախտի սինդրոմից, որը ինքնաբերաբար շարունակվում է մինչ հիմա: Թերևս, Սովետը չտեսած, ամբողջությամբ հայամետ և անկախական նոր սերունդ պետք է գա այսօր, որը վերջապես կհասկանա և կընկալի Նժդեհի կերպարի ողջ մեծությունն ու նրա ազգային կուռ գաղափարը: Հատուկ չեմ քննարկում նորաբաց արձանի գեղարվեստական կողմը. դրա մասին շատ է խոսվել՝ և հիմնականում իրավացիորեն բացասական բնույթի: Հիմա այլ հարց եմ ցանկանում շոշափել, դա այն է, որ այսօր Նժդեհի արձանները պետք է լինեին Հայաստանում ամենուրեք՝ ամեն մարզում, քաղաքում, համայնքում:

Ընդանրապես նման մասշտաբի ազգային գործիչ չունեն ոչ վրացիները, ոչ ազերիները, գուցե նաև՝ բոլոր նախկին սովետական երկրները: Հենց դրա համար էլ խորհրդային ժամանակշրջանում Նժդեհը բացարձակ արգելանքի տակ էր՝ ընդհուպ մինչև 1988-ը, երբ Երևանում ոչ լեգալ պայմաններում հրատարավեց վերջապես նրա աշխատությունների մի ամբողջական ժողովածու, որը վաճառվում էր Ազատության հրապարակում՝ ղարաբաղյան շարժման ամենաթեժ օրերին: Նժդեհը այն անձն էր, որը անդադար պայքարեց իր անկախ երկրի վրա հարձակված զավթիչների դեմ, և նրա համար նշանակություն չուներ Հայաստանի թշնամիների ազգությունը՝ լինեին դա թուրքեր, ազերիներ, թե ռուսներ. նա ուղղակի վերացնում էր նրանց՝ Տաթևի ժայռից ցած նետելով անդունդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել