Oր երրորդ. Աժ-ում շարունակում են քննարկել պետբյուջեի կատարողականը: Օրենսդիրի աշխատանքները մեկնարկեցին բավականին բուռն: Նախ՝ պառլամենտի համուհոտ Մաեստրոն փայլատակեց հենց մեկնարկին: ԱԺ դահլիճում այնպիսի աղմուկ էր, որ հարցուպատասխանը չէր լսվում: «Ձեններդ կտրեք»,- բարկացած հայտարարեց Գալուստ Սահակյանը: Մաեստրոյի զավեշտը, այս դեպքում արդեն հումորը, այնքան տեղին էր, որ անգամ ինքը չկարողացավ զսպել ծիծաղը: Շարմազանովը՝ շտկման համար, զարգացրեց թեզը. «Ամառային արձակուրդներին նախապատրաստվող մեր գործընկերներ ջան, խնդրում եմ լռություն պահպանել»:

Այնուհետև կտրուկ անցում կատարվեց դեպի պատմական անցյալ: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բյուջեի քննարկումներին՝ նշեց, որ 2012 թվականից սկսած՝ բյուջեի կատարողականի քննարկումները նման են հաշվապահական հաշվետվության, այլ ոչ թե քաղաքական փաստաթղթի քննարկման: Նիկոլի բնորոշմամբ` ոլորտի պատասխանատուները պետք է ենթարկվեն ԱԺ կանոնակարգ օրենքին, քանի որ ոչ մեկը «Ֆրիդրիխ Էնգելսը չէ»:

Քննարկվող հարցից ակնհայտ շեղվեց Նաիրա Զոհրաբյանը` հայտարարելով, որ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահին «աննախադեպ խայտառակություն է հայոց պատմության մեջ. «Անբարո նամակ է, դա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից, որը ողջ հայոց պատմության մեջ չի եղել»:

Մեր օրենսդիրներն ունիկալ են իրենց թեզերով և աշխատաոճով, առիթը բաց չեն թողնում յուրաքարչյուր հարցի քննարկում տեղափոխել սեփական տիրույթ և այն մեկնաբանել սեփական պրիզմայով:

Հ.գ. Ի դեպ, դահլիճի դատարկ ֆոնը պահպանվում է նաև այսօր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել