13407643_1023086361073971_1225103876_nԽորհրդագերմանական համագործակցության մեկնարկից և 1939թ. օգոստոսի 23-ին կնքված Մոլովոտ-Ռիբենտրոպ պակտից հետո Էստոնիան հայտնվել էր խորհրդային ազդեցության գոտում: Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից որոշ ժամանակ անց ԽՍՀՄ-ն օկուպացիայի սպառնալիքի օգնությամբ սեպտեմբերի 28-ին կարողացավ ստիպել Էստոնիային կնքել իր հետ պայմանագիրը, որի համաձայն՝ Էստոնիայում տեղակայվելու էր 25 հազարանոց խորհրդային զորք:

ԽՍՀՄ ղեկավարությանը, սակայն, դա բավարար չէր: 1940թ. հունիսի 16-ին արտգործնախարար Մոլոտովն էստոնացի դիվանագետ Ավգուստո Ռեյին վերջնագիր ներկայացրեց՝ Էստոնիային մեղադրելով ԽՍՀՄ հետ կնքված պայմանագրի դրույթները խախտելու մեջ: Մոլոտովը պահանջեց, որպեսզի երկրում լրացուցիչ զինվորական անձնակազմ տեղակայվի և նոր կառավարություն ձևավորվի: Էստոնիայի կառավարությունը որոշեց ընդունել ներկայացված պայմանները: Կառավարության անդամները գտնում էին, որ այդ իրավիճակում արտաքին աշխարհն էստոնացիներին չի օգնի, իսկ զինված դիմադրությունն անօգուտ էր: Հունիսի 21-ին արդեն խորհրդային բանակն Էստոնիայում 100 հազար զինվոր էր տեղակայված: Միաժամանակ Տալինում ստեղծվեց Մերձբալթյան նավատորմ:

Հունիսի 18-ին կառավարությունը հրաժարական տվեց: Հունիսի 19-ին ԽՍՀՄ պաշտոնյաներից Անդրեյ Ժդանովը ժամանեց Էստոնիա, որպեսզի նախագահ Պյատսին հայտնի նոր կառավարության կազմը: Արդեն իսկ պարզ էր, որ նոր կառավարությունը լինելու է կրեմլյան դրածո: Հունիսի 21-ին կազմալուծվեցին բոլոր պետական օրգանները, ոստիկանությունը, բանակը, ֆինանսական և տնտեսական կառույցները: Այդ մարմինները կազմավորվում էին խորհրդային մեթոդներին համապատասխան:

Նույն իրավիճակն էր Լատվիայում և Լիտվայում: Մերձբալթյան այդ 3 երկրներում 1940թ. հուլիսի 14-15 տեղի ունեցան ֆիկտով ընտրություններ, որտեղ բնականաբար «հաղթեց» կոմունիստական կուսակցությունը: 1940թ. հուլիսի 21-ին այդ 3 երկրների խորհրդարաններն իրենց հայտարարեցին ԽՍՀՄ մաս: Կոմկուսի գլխավոր քարտուղար Ստալինն անձամբ էր զբաղվում Մերձբալթյան տարածաշրջանի երկրների օկուպացիայի հարցով: Այդ գործում իրենց դերակատարումն ունեին նաև Անդրեյ Ժդանովը (նա զբաղվում էր գործողութունների կորդինացմամբ) և Վլադիմիր Բոչկարյովը (նա Էստոնիայում ԽՍՀՄ դեսպանն էր): Հենց նրանք էին կարգադրություններ անում էստոնական նոր կառավարությանը: Օգոստոս ամսվա սկզբին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը Մերձբալթյան երկրներին պաշտոնապես ընդունեց միության կազմ: Այդ երկրների խորհրդարաններն ընդունցեին խորհրդային սահմանադրությունը:

1940-41թթ. Էստոնիայի վերջնական խորհրդայնացման փուլն էր: 1940թ. պաշտպանության նախարար Սեմյոն Տիմոշենկոյի որոշմամբ էստոնական բանակն անվանափոխվեց և դարձավ Կարմիր բանակի հրաձգային կորպուս: 1941թ. հունվար ամսին պետական մարմինների խորհրդայնացում տեղի ունեցավ: Այսպիսով, ԽՍՀՄ-ը շանտաժի քաղքականության միջոցով կարճ ժամանակամիջոցում կարողացավ օկուպացնել ողջ տարածաշրջանը:  

Օկուպացիայի գլխավոր «մեխը», պատմաբանների կարծիքով, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն է: Ռուսական քարոզչական շրջանակները պնդում են, որ Մերձբալթյան տարածաշրջանում խորհրդային զորքերի տեղակայումը լուծել է անվտանգության խնդիր, սակայն որևէ կերպ չեն կարողանում հիմնավորել դա:

Օկուպացիայից հետո սկսվեցին բռնաճնշումները: 1940թ. հունիս ամսին ՆԿՎԴ-ի օպերատիվ խումբը ժամանեց Էստոնիա և սկսեց համատարած ձերբակալություններ իրականացնել: Երկրում կարևոր պաշտոնների անցան կոմունիստները, որոնք մինչ այդ եղել էին ընդհատակում: Օգտվելով երկրում հաստատված արտակարգ դրությունից՝ կոմունիստներն արդեն հունիս-օգոստոս ամիսներին ձերբակալեցին ոստիկանների, զինվորականների, դատավորների և կառավարության նախկին անդամների: Ոչնչացվում էր էստոնական հասարակական-քաղաքական էլիտան: ՆԿՎԴ-ի անդամների ուշադրության կենտրոնում էին հատկապես նախկին զինվորականները և պաշտոնյաները: 1940թ. հուլիսի 17-ին իր կնոջ հետ աքսորվեց Էստոնիայի զինված ուժերի վերջին գեներալ Լայդոները:  Աքսորի ենթարկվեց  նաև նախկին նախագահ Պյատսը: Պետք է նշել, որ ձերբակալվածների հիմնական մասը տարվում էր Մոսկվա կամ Լենինգրադ, որտեղ տեղ էին ունենում նրանց դատավարությունները: 1953թ. Վլադիմիրի բանտում մահացավ գենրալ Լայդոները, իսկ 1956թ. Կալինինի հոգեբուժարաններից մեկում մահացավ նախկին նախագահ Պյատսը:

Ընդհանուր առմամբ, այդ շրջանում ձերբակալված պաշտոնյաների թիվն անցնում էր 300-ը: Այնուամենայնիվ, որոշ տվյալներ կան, որ ձերբակալվածների թիվն անհամեմատ մեծ է եղել: 1940թ. օգոստոսի 29-ին ստեղծվեց էստոնական ՆԿՎԴ-ն: 1941թ. փետրվար ամսին խորհրդային ՆԿՎԴ-ից առանձնացավ Ազգային անվտանգության գլխավոր կոմիտեն: Նույնը տեղի ունեցավ նաև Էստոնիայում: Ձերբակալությունների որոշումներն ընդունում էին վերոգրյալ երկու կառույցները: Այդ որոշումները հաստատում էին ժողովրդական կոմիսար Բորիս Կումը և իր տեղակալ Անդրեյ Շկուրինը: Ձերբակալությունների մեջ իր դերակատարումն ուներ նաև դատախազությունը՝ դատախազ Քարել Պասի և իր տեղակալ Սերգեյ Նիկիֆորովի գլխավորությամբ: Ձերբակալվածները հիմնականում մեղադրվում էին հակախորհրդայինության և հակահեղափոխական գործունեության մեջ: Բնականաբար այդ մեղադրանքները որևէ հիմք չէին ունենում: Երկրում ստեղծվել էին հատուկ զինվորական տրիբունալներ, որոնք անցկացնում էին դատավարական գործընթացը և հրապարակում դատավճիռները: Ձերբակալվածները հիմնականում աքսորվում էին սիբիրյան Գուլագներ կամ դատապարտվում մահապատժի հենց Էստոնիայում: 1940թ. ՆԿՎԴ-ն ձերբակալեց շուրջ 1000 մարդ: Հաջորդ տարի այդ թիվը հասավ 6000-ի: Նրանց զգալի մասն ուղարկվեց սիբիրյան Գուլագներ կամ գնդակահարվեց: 1941թ. ձերբակալվածների վերաբերյալ հաղորդվում է, որ 1600 մարդ ենթարկվել է մահապատժի, իսկ 4000-ը՝ մահացել բանտում:

Խորհրդային իշխանությունն այդ շրջանում վարում էր էստոնական հասարակական-քաղաքական էլիտայի ոչնչացման քաղաքականություն: 1940-41թթ. ձերբակալվեց 9 բարձրաստիճան պաշտոնյա, որոնցից 3-ը գնդակահարվեցին, իսկ մյուսները մահացան բանտում: Բացի դա կային ևս 73 պաշտոնյա, որոնցից 48-ը ձերբակալվեց, իսկ 2-ը ինքնասպան եղան: Հետագայում այդ 48-ից ողջ մնաց 3-ը:

1939թ. Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին հետևած Մերձբալթյան տարածաշրջանի խորհրդային օկուպացիայից հետո 1941թ. հունվարին Կրեմլի կողմից Մերձբալթյան տարածաշրջանում տեղի ժողովուրդների աքսորի կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունվեց: Աքսորի էին ենթակա նախկին կառավարության  անդամներ, այսպես կոչված հակահեղափոխական տարրեր, ուժային կառույցների նախկին ներկայացուցիչներ, գործարարներ, գյուղացիներ: 1941թ. հունիսի 14-ին Էստոնիայից շուրջ 10 հազար մարդ ընտանիքներով գնացքներով աքսորվեց դեպի Սիբիր: Աքսորվածներից 2500-ը երեխաներ էին, իսկ 5000-ը՝ կանայք: Նրանց զգալի մասը համակենտրոնացման ճամբարներում մահացավ կամ մահապատժի ենթարկվեց: 1941թ. ամռանը ևս 1000 տղամարդ, կին և երեխա ձերբակալվեցին էստոնական կղզիներում հետագա աքսորի համար: Հունիսի 14-ին 230 սպա ձերբակալվեց և աքսորվեց Նորիլսկի համակենտրոնացման ճամբար, որտեղ և մահացան:

1941թ. աքսորի կազմակերպիչը Բորիս Կումն էր: Գործողությանը մասնակցում էին նաև Ալեքսեյ Շկուրինը, Անդրես Մուրոն, Վենիամին Գուլստը և այլք: 1941թ. ամռանն էստոնացի տղամարդիկ տեղափոխվեցին ԽՍՀՄ կարմիր բանակի կազմ ընդգրկվելու հիմնավորմամբ: Իրականում, դա տարածաշրջանում ռուսաֆիկացման քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն էր հանդիսանում: Ընդհանուր առմամբ նրանց թիվը հասնում էր 50 հազարի: Շուրջ 3 հազար մարդ մահացավ ճանապարհին:

Աքսորի քաղաքականությունը շարունակվում էր: 1941թ. ամռանը ԽՍՀՄ տեղափոխված էստոնացիների թիվն ավելացավ ևս 25 հազարով: Հազարավոր մարդիկ ԽՍՀՄ էին տեղափոխվում վախի պայմաններում: 1941թ.  հունիս-հոկտեմբեր ամիսներին ՆԿՎԴ-ի ջոկատների կողմից գնդակահարվեց շուրջ 2000 էստոնացի: Նրանց ից 100-ը «Անտառային եղբայրներ»-ի անդամներ էին, ովքեր երկրում պարտիզանական պայքար էին մղում խորհրդային օկուպացիայի դեմ: Հուլիսի 9-ին Տարտույում գնդակահարվեց 198 մարդ: Սեպտեմբեր ամսին Սարեմայում գնդակահարվեց 100 մարդ: Վերոգրյալն Էստոնիայում ՆԿՎԴ-ի իրականացրած սարսափների ընդամենը մի փոքրիկ մասն էր:

1941-44թթ. երկիրը ենթարկվեց Նացիստական օկուպացիային: 1944թ. սկսած, սակայն, երկիրը կրկին խորհրդային օկուպացիայի տակ էր: Մինչ կարմիր բանակի՝ կրկին Էստոնիա մտնելը 1944թ. սեպտեմբերի 18-ին Յուրի Ուլուոտսը, ով մինչև 1940թ. զբաղեցրել էր վարչապետի պաշտոնը, իր վրա վերցրեց նախագահի պարտականությունները: Նպատակ կար վերականգնել երկրի անկախությունը: Ստեղծվեց կառավարություն՝ Օտտո Տիֆի գլխավորությամբ: Չորս օր անց, սակայն, խորհրդային բանակը մուտք գործեց Էստոնիա: Նոր կառավարության անդամները բռնաճնշումների ենթարկվեցին: Նրանց զգալի մասը 5-10 տարով ազատազրկման դատապարտվեց, ոմանք էլ մահապատժի ենթարկվեցին:  Տարածաշրջանը 1944-50թթ. կրկին խորհրդայնացման ենթարկվեց: Կրկին ստեղծվել էին հատուկ կոմիտեներ, որոնք համակարգում էին վերոգրյալ գործընթացը: Օրինակ, Մոսկվայում մինչև 1947թ. գործում էր հատուկ բյուրո, որը զբաղվում էր Էստոնիայի հետ կապված հարցերով: Տեղական ինքնակառավարման մարմինները արձակվել էին և դրանց տեղերում առաջանում էին նորերը, որոնք գործում էին խորհրդային մեթոդաբանությամբ: Միաժամանակ ինդուստրիալիզացվեց տնտեսությունը: Գյուղացիությունը բռնի կերպով ենթարկվում էր կոլեկտիվացման: Էստոնիան այդ ժամանակ դարձել էր խորհրդային ամենառազմականացված տարածքը: Այդտեղ գտնվում էին հարյուր հազարավոր զինվորներ: Նոր իշխանությունը շարունակեց նախորդի քաղաքականությունը: Անգամ Էստոնիայի նախկին կոմունիստական կառավարության անդամների նկատմամբ էին բռնաճնշումներ տեղի ունենում: Նրանցից շատերը դատապարտվեցին տասնյակ տարիների ազատազրկման:

Տեղի էր ունենում մշակութային ռուսաֆիկացում: Էստոնական մշակույթը մղվում էր երկրորդ պլան: Այդ ժամանակ Էստոնիայում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում պարտիզանական պայքար էր մղվում: Պարտիզանական ամենահայտնի խմբերից մեկը «Անտառային եղբայրներ» միավորումն էր, որն իսկական սարսափ էր դարձել ՆԿՎԴ-ի պատժիչ զորաջոկատների համար: Պարտիզանական պայքարին մասնակցում էր ավելի քան 30 հազար զինվոր, որից  2000-ը սպանվեց: Ծանր կորուստներ էին կրել նաև ՆԿՎԴ-ի զորաջոկատները: 1950-ականների սկզբին պարտիզանական շարժումն անկում ապրեց: 1970-ականներին սպանվեց վերջին էստոնացի պարտիզանը: Դրա հետ մեկտեղ այդ շրջանում  երկրի դպրոցականների և ուսանողների շրջանում ստեղծվում էին ազգայնական ուղղվածության խմբակներ, որոնց անդամները ձերբակալվում և երկար տարիների ազատազրկման էին դատապարտվում:

1949թ. խորհրդային իշխանությունը պատերազմի ավարտից հետո բռնաճնշումներ սկսեց իրականացնել գերությունից ազատված զինվորականության նկատմամբ: Նրանք պիտակավարվում էին որպես «Հայրենիքի դավաճաններ» և աքսորվում Սիբիր:

Հետպատերազմյան շրջանում պարտիզանների դեմ պայքարի և տարածաշրջանի ռուսաֆիկացման քաղաքականության շրջանակներում 1949թ. մարտ ամսին տեղի ունեցավ 2-րդ աքսորը: Այդ ժամանակ շուրջ 20 հազար էստոնացի կրկին աքսորվեց Սիբիր: Աքսորների և բռնաճնշումների հետևանքով ոչնչացվում էր էստոնական հասարակական-քաղաքական, հանրային և ռազմական էլիտան: Աքսորի և Կրեմլի կողմից տարածաշրջանում իրականացվող ռուսաֆիկացման քաղաքականության հետևանքով էստոնացիները սեփական երկրում դեմոգրաֆիական լրջագույն խնդիրների առջև կանգնեցին: Տարբեր տվյալների համաձայան՝ 1942-1990թթ. շուրջ 37 հազար էստոնացի է ենթարկվել բռնաճնշումների:

1953թ. Ստալինի մահից հետո ռեժիմը փոքր ինչ թուլացրեց հալածանքները: Շատերն ազատ արձակվեցին Գուլագներից: Այնուամենայնիվ, տասնյակ հազարավոր մարդիկ դեռևս շարունակում էին գտնվել Գուլագներում: Շուրջ 2600 մարդու, ովքեր համարվում էին «վտանգավոր հասարակական տարրեր» արգելված էր մուտք գործել Էստոնիա: Այդ արգելքը գործեց մինչև ԽՍՀՄ փլուզումը: Խորհրդային իշխանությունն իր ռեպրեսիվ մեթոդներով փորձում էր ծնկի բերել էստոնական հասարակությանը, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, դա տեղի չունեցավ:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել