Hraparak.am–ը գրում է.

Հունիսի 4-ին՝ առավոտյան, քթի կոտրվածքով և աչքի սուր վիրավորումով Ագարակի զորամասից Երևանի Մալայան բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամկետային զինծառայող Լենդրուշ Սիմոնյանը: Նա Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից է, բանակ է զորակոչվել 2016թ. հունվար ամսին: Ներկա պահին զինվորին վիրահատել են: Մեր տեղեկություններով՝ դեպքի օրը ընտանիքի անդամները տղայից տեղեկությունն չեն ունեցել, որն էլ անհանգստության տեղիք է տվել: Իսկ ուշ երեկոյան հիվանդանոցից զանգահարել են զինվորի եղբորը, ասել դեպքի մասին: Հարազատները շտապել են հիվանդանոց, նրանց ստորագրությամբ նոր վիրահատել են զինծառայողին: «Չգիտենք ինչով են հարվածել, բայց այնպես են խփել, որ աչքը տեղից դուրս ա եկել, եւ հիմա շատ հավանական է, որ զինվորն էլ չի տեսնի»,- ասաց մեր աղբյուրը:
Զրուցեցինք Լենդրուշի հոր՝ Ռաֆայելի հետ, ով դեպքի մասին իմանալով՝ այսօր Ռուսաստանից եկել է Հայաստան: Ռաֆայելը պատմեց, որ առավոտյան ժամը 8-ին 20 նորակոչիկներին տարել են, որ քարեր կրեն դիտողական կետ սարքելու համար: «Տղաս այդ պահին կռացելա, որ քարը բարձրացնի, չի տեսել, թե ով է խփել: Մենք չգիտենք, թե ինչով են խփել, դա փորձաքննությունը ցույց կտա: Հարվածից հետո տղաս ընկել է գետին, արյունահոսություն, շատ ուժեղ ցավեր է ունեցել, սկզբից տարել են Ագարակի հոսպիտալ, հետո տեղափոխել Երեւան: Իմ տղուն առողջ ուղարկեցի բանակ ու հաշմանդամ դարձած, ինձ են վերադարձնում: էս 4 օր է՝ հիվանդանոցում պառկած է, ոչ մեկը իրենց զորամասից, թեկուզ իր հրամանատարը չի եկել եւ տեսնի, թե ինչ վիճակի մեջ է, ոչ էլ զանգել են մեզ տեղեկանալու տղայիս մասին: Տղայիս ընդհանուր վիճակը նորմալ է, աչքը կորցրել է, հիմա սթրեսի մեջ ա, որ աչքը չի տեսնի: 15 օր հետո տղայիս դուրս կգրեն, կտան մեզ, իսկ դրանից հետո ինչ պետք է անենք, մեր առողջ երեխան հաշմանդամ դարձավ: Շանս չկա, որ տղայիս աչքը տեսնի»,- ասաց Ռաֆայելը: Նշենք, որ ռազմական ոստիկանությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել