Արցախում ծեծուջարդի երկրորդ հնչեղ դեպքը մտահոգիչ է։ Ես Խանումյան Հայկին չեմ ճանաչում անձնապես։ Նրա հրապարակային գործունեությանն էլ մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, այնպես որ, ինքս էլ չեմ կարողանում ինձ դասել ո՛չ այն մարդկանց շարքին, ովքեր դեմ են նրան, ո՛չ էլ նրանց թվին, ովքեր խիստ կողմ են ու/կամ հերոսացնում են նրան։

Հիմա դաշտում հնչում են իրարամերժ դիրքորոշումներ՝ Խանումյանին ծեծի ենթարկելու թեմայի շուրջ։ Ոմանք սուր քննադատում են դա, ոմանք էլ ընդհակառակը՝ արդարացնում են և որպես փաստարկ բերում այն, որ Խանումյանը ինչ-որ շահարկումներ է արել 4-օրյա մարտերում ընկած տղերքի շուրջ։

Գիտե՞ք, ինձ հաստատ դժվար է կասկածել Սեֆիլյանի ու Հիմնադիր Խորհրդարանի համակիր լինելու մեջ, բայց նույն Բերձորի տխրահռչակ բախման ժամանակ, որքան էլ ես համակիր չլինեի, որքան էլ կասկածեի ՀԽ-ին սադրանքի ու այլ մահացու մեղքերի մեջ, մի փաստ ինձ համար աներկբա էր․ ոստիկանը պետք է մնա ոստիկան և լինի օրենքի պահապան, այլ ոչ թե հայտնվի դրա շրջանակներից դուրս։ Այլ կերպ ասած, ես երբեք չեմ համաձայնվի, որ օրինականության համար կարելի է ապօրինի եղանակներով պայքարել։ Լինի դա թե՛ Սեֆիլյանի, թե՛ Խանումյանի, թե՛ թեկուզ հենց իմ պարագայում։ Ու առավել ևս ես չեմ հասկանում և անընդունելի եմ համարում, երբ ապօրինությունն արդարացվում է պաշտոնատար անձանց կողմից և իրացվում է համազգեստ և ուսադիրներ կրող մարդկանց ձեռքերով։

Սա շատ արատավոր պրակտիկա է, որը հարիր չէ ոչ մի կայացած պետության ու հասարակության։ Թասիբը՝ թասիբով, խնդիրները՝ խնդիրներով, բայց քարե դարում չենք, պարոնա՛յք։ Խնդիրները՝ լինեն դրանք քաղաքական, թե քաղաքացիական բնույթի, դմբուզով ու բիլակով լուծել չի կարելի։ Ու առավել ևս չի կարելի ներկայացնել լուծման նման մեխանիզմը՝ որպես շատ ճիշտ։ Ու այս միջադեպերից հետո ամենամեծ մտահոգությունն առաջացնում է հենց այն փաստը, որ որոշակի շրջանակներ կարծես թե ցանկանում են ասել, որ Արցախում կարելի է այդպես և դա ոչ ոքի գործը չէ։

Արցախում՝ ինչպես նաև մնացյալ Հայաստանում, այդպես կարելի ՉԷ՛։ Արցախում ու մնացյալ Հայաստանում այդպիսի դրվագներ լինում են, բայց մնացյալ Հայաստանում ոչ մի պետպաշտոնյա, լուրջ հասարակական-քաղաքական գործիչ չի կանգնի ու հայտարարի, որ թասիբի կամ էլ եսիմ ինչի հարց էր, և դրա համար պետք էր էլ այսպես լուծել, ուստի՝ ամեն ինչ ճիշտ էր։

Խոսում ենք միացումից ու ընդհանուր ապագա ունենալու անհրաժեշտությունից։ Ուրեմն ապրենք ընդհանուր իրականությունում և առաջնորդվենք վարվեցողության և կուլտուրայի ընդհանուր նորմերով։

Հ․Գ․ Ամենավերջում էլ՝ հատուկ Խանումյանի ու Սամվել Բաբայանի օպպոնենտների համար․ այս հարձակման ու ծեծի դրվագը, ինչպես նաև վերոնշյալ բնույթի արձագանքները այդ միջադեպի շուրջ պարզապես անգնահատելի նվեր են Խանումյան-Բաբայան տանդեմի համար։ Եթե սա քաղաքական մոտիվներով է արվում, ապա դժվարանում եմ պատկերացնել նրանց ռեյթինգներն ու քաղաքական կշիռը ավելացնելու ավելի արդյունավետ միջոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել