Մեկնարկեց հերթական քառօրյան, որը, ի դեպ, այս գումարման պառլամենտի վերջին աշխատանքայինն է: Եթե փորձենք այն առանձնացնել մնացած նիստերից, ապա այն գրեթե ոչնչով աչքի չէր ընկնում: Նախ, պլենար նիստերի դահլիճը սովորույթի համաձայն դատարկ էր, ներկա էր մոտավորապես 10-12 մարդ: Ինչ վերաբերվում է աշխատանքային օրվա հիմնական դերակատարներին, ապա այդ դերում պրոֆեսոր-պատգամավորներն էին՝ Բագրատյան-Մելքումյան դուետով: Նրանք քննարկումների «սյուները հանդիսացան», քանի որ մասնակցում էին հիմնականում բոլոր քննարկումներին:

Զավեշտալի իրավիճակ ստեղծվեց ելույթների ժամանակ: Հրանտ Բագրատյանը անհատապես դիմեց դահլիճում նստած բոլոր պատգամավորներին. «Մեծարգո տիկին Աճեմյան, մեծարգո պարոն Շարմազանով, մեծարգո պարոն Ջհանգիրյան, մեծարգո պարոն Խաչատրյան…»: Նիկոլը տեղից հարևանին հորդորեց. «Եթե այդպես լինի, հիմա բոլոր 131-ն էլ կգան դահլիճ»: Նախկին վարչապետի ելույթի ժամանակ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը սկսեց միջամտել: Բագրատյանն էլ պատասխանեց. «Դու չգիտես, դու անընդհատ մեջ ես ընկնում, լավ կլինի քեզ դիտողություն անեն: Եթե ինչ-որ բան ես ուզում ճղել՝ կասեմ ինչ ճղես»:

Հետաքրքիրն այն է, որ հարգարժան պառլամենտարիզմի ասպետներն այդպես էլ չեն մասնակցում կարևոր հարցերի քննարկմանը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ դա իրենց գտնվելու վայրը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել