Վերջին օրերին Հայաստանը որոշակի քայլեր է անում Իրանի, Չինաստանի և Շվեյցարիայի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Ավելի կոնկրետ, ինչպես արդեն գիտենք, օրերս Իրանի և Հայաստանի միջև ստորագրվել է փաստաթուղթ, ըստ որի երկու երկրների միջև մուտքի արտոնագրերը չեղարկվում են: Դրան զուգահեռ գործադիրը հավանություն է տվել Շվեյցարիայի հետ դյուրացված փոխայցելությունների և Չինաստանի հետ օդային հաղորդակցության դյուրացման վերաբերյալ համաձայնագրերին: Այս համաձայնագրերին գործադիրը հավանություն տվեց նույն նիստի ժամանակ:

Չինաստանի հետ նպաստավոր օդային հաղորդակցության իրականացման պայմանագրով բարենպաստ պայմաններ կստեղծվեն ավիաընկերությունների համար Չինաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:
Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է Ռուսաստանից հետո, որին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրի 8,1 տոկոսը: Օդային հաղորդակցության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը կխթանի նաև երկկողմ առևտրատնտեսական կապերը, այդ թվում՝ Հայաստանից արտահանումը դեպի չինական շուկա: Այստեղ նույնպես հարկ է նկատի ունենալ ԵՏՄ-Չինաստան ազատ առեւտրի գոտի ստեղծելու ջանքերը եւ դրա իրագործման դեպքում արդեն պատրաստ նպաստավոր ավիացիոն դաշտ ունենալու կարեւորությունն այդ երկրի հետ:

Շվեյցարիայի հետ վիզաների դյուրինացոման մասով նկատենք հետևյալը: Շվեյցարիայի հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերություններն այս տարվա ընթացքում նկատելիորեն խորացել են, արտաքին առեւտրի ծավալներն աճել են 71 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը դեպի Շվեյցարիա 6,2 անգամ՝ մոտ 11 մլն դոլարով, հասնելով 13 մլն դոլարի: Վերջինս չի հանդիսանում ԵՄ անդամ, բայց կարևոր եվրոպական երկիր է, որի հետ վիզաների դյուրացումը քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման հնարավորություն է տալիս: Այս համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար:

Խոսելով հայ-իրանական նոր պայմանավորվածության մասին, պետք է նշենք, որ նոր համաձայնագրով քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
Սա անշուշտ կազդի նախ և առաջ զբոսաշրջության զարգացման և մասնավորապես դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացման վրա: Մյուս կողմից, կարծում եմ, որ համաձայնագիրը երկու երկրների միջև գործարար կապերի աշխուժացմանը նոր թափ կհաղորդի, քանի որ կստեղծի մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի հնարավորություն: Այս ամենից բացի, կարծում եմ, չափազանց կարևոր է նոր փաստաթղթի ստորագրումը դիտարկել Իրան-ԵՏՄ համատեքստում: Բազմիցս խոսվել է այն մասին, որ Իրանի և ԵՏՄ-ի համար կապող օղակ կարող է հանդիսանալ Հայաստանը: Այս համաձայնագրով նախադրյալներ կապահովվի ԵՏՄ-Իրան ապագա համագործակցության խորացման դեպքում Հայաստանի կարևոր, տարանցիկ կամ միջնորդ դերը շեշտադրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել