Վերուծելով այս երկու օրերին, ինչպես և վերջին շաբաթներին Թուրքիայի ղեկավարների և համապատասխան գերատեսչությունների՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հիշատակի բանաձևին առնչվող հայտարարությունները, կարելի է ստանալ Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ թուրքական քաղաքականության հիմնական ուրվագիծն ու կիրառական թեզերի ցանկը՝
- Խորհրդարանները պատմական հարցերը քննարկելու և դրանց գնահատականներ տալու վայրեր չեն (Խորհրդարանականները պատմաբաններ չեն),
- 2005 թվականին Հայաստանին առաջարկվել է ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով՝ «պատմական դեպքերը» (իմա՛ Հայոց ցեղասպանությունը) քննելու համար, որից, սակայն, հայկական կողմը, հրաժարվել և հրաժարվում է («Պատմաբանների հանձնաժողով»),
- Մենք ցույց ենք տվել, որ կիսում ենք Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիների հայերի (և ոչ միայն) կրած ցավը («Ընդհանուր ցավ», «Արդար հիշողություն»),
- Թուրքիայի պատմությունը մաքուր է, մութ էջեր չկան (իսպառ ժխտումը՝ փոխարինված այլ բառերով, էրդողանական գիծ),
- Նույնաբովանդակ բանաձևերը լուրջ հարված են տվյալ երկրի և Թուրքիայի հարաբերություններին (չքողարկված սպառնալիք):
Վերջին 2-3 տարում միջազգային հարթակներում զգալի նվազել են թուրքական կողմի այն հայտարարությունները, թե «տարբեր երկրների խորհրդարաններում Ցեղասպանության ճանաչումը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»: Նման զարգացումը գերազանցապես կապված է թեմայի՝ այլևս ոչ արդիական լինելու հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակով պայմանավորված:
Ակնհայտ է, որ 2014 և 2015 թվականների Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձներից հետո, որոնք որակվեցին որպես «ցավակցություն», թուրքական կողմը դրանք շահարկում է նմանատիպ դեպքերում՝ փորձելով պատկերել փոխվող Թուրքիայի իմիտացիան:
Վստահաբար կարելի է ասել, որ տարբեր երկրների օրենսդիր մարմիններում Հայերի ցեղասպանության քննարկման ժամանակ թուրքական արտաքին գերատեսչության, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն առավել հակված են հիշել «Խորհրդարանականները պատմաբաններ չեն» մոտեցումը, ինչը նաև «գերմանական քեյսի» դեպքում է: Ուղղակի, թե անուղղակի կիրառվում է նաև «ընդհանուր ցավի» թեզն առ այն, որ «պետք է հիշել նաև թուրքերի և այլ օսմանցիների ցավերն Առաջին աշխարհամարտում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել