Բաքվի և Թել-Ավիվի միջև տարբեր մակարդակներում ծավալվող բավական սերտ համագործակցության շրջանակներում թվում էր, թե Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի բոլորովին վերջերս կայացած պաշտոնական այցը հրեական պետություն հերթականների շարքից է լինելու: Մինչդեռ պարզվում է, որ դեռևս Wikileaks-ում հայտնված Իլհամ Ալիևի բնորոշմամբ «կողմնակի հայացքներից ծածուկ ադրբեջանաիսրայելական գործակցության մեկ տասներորդով երևացող այսբերգն» այս անգամ էլ նպատակ էր հետապնդում, եթե շարունակելու լինենք պատկերավոր շարադրանքը, խոյահարելու Իրանի և «վեցյակի» միջև դեռևս անցյալ տարի կայացած և պատմական որակումը ստացած միջուկային համաձայնությունը:

Բանն այն է, որ ոչ ավել, ոչ պակաս հենց իսրայելական խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը նշված այցի շրջանակներում Կնեսետի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի հետ հանդիպման ընթացքում փաստացիորեն ուղղակի մեղադրանք է հնչեցրել Թեհրանի հասցեին՝ պնդելով, որ «Իրանը չի հրաժարվել իր միջուկային ծրագիրը զարգացնելուց, այլ հետաձգել է այդ ծրագրի որոշ հատվածների իրականացումը»:

Եթե հաշվի առնելու լինենք, այն հանգամանքը, որ Իրանի բարեփոխական կառավարության դեռևս փորձառության պակաս ունեցող որոշ գործիչների կողմից առաջ քաշվող և առայժմ բավական հեղհեղուկ ծրագրավորմամբ աչքի ընկնող, այսպես կոչված, տնտեսական պրագմատիզմի ռազմավարության շրջանակներում Թեհրանը վերջին շրջանում որոշակի փորձեր էր կատարում կարգավորելու հարաբերությունները Բաքվի վարչակարգի հետ՝ որպես անկյունաքար դիտարկելով երկու երկրների միջև հենց տնտեսական համագործակցության խթանումը, ապա Ա. Ազիմովի նման հայտարարությունն իր քարոզչական լիցքով և տրամաբանությամբ գրեթե նույնական է Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցման գործողությանը Սիրիայի երկնքում, երբ աշխարհաքաղաքական շահերում առկա անլուծելի հակասությունն ընդամենը մի ակնթարթում փոշիացրեց ոչ միայն ցանկացած «տնտեսական պրագմատիզմ», այլ նաև երկու երկրների թվացյալ անշեղորեն զարգացող հարաբերությունները փոխակերպեց բացահայտ «սառը պատերազմի»:

Կասկած չկա, որ «վեցյակի» երկրների հետ կայացած միջուկային համաձայնությունը Իրանի համար չափազանց կարևոր, եթե ոչ գրեթե կենսական նշանակություն ունեցող ձեռքբերում է, ինչով էլ հենց պայմանավորվում է երկրի առնվազն առաջիկա տարիների թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական զարգացումների ողջ համատեքստը, ուստի կասկած չկա, որ իբր շիայական երկրորդ պետության խաղաթուղթը Թեհրանի հետ հարաբերություններում հաճախ շահարկող Բաքվի վարչակարգը Մերձավոր Արևելքում Իրանի գլխավոր ախոյան Իսրայելի հետ ձեռք ձեռքի տված իրականում վարում է բացահայտ հակաիրանական քաղաքականություն՝ այս անգամ փորձելով ստեղծել լրացուցիչ լարման կետեր լայն իմաստով տարածաշրջանային անվտանգության և կայունության համար խիստ կարևոր այնպիսի մի զգայուն խնդրի շրջանակներում, ինչպիսին իրանական միջուկային ծրագիրն է:

Նման պայմաններում իրանական ներկա կառավարության համար կարծես թե այլ ելք չի մնում, քան հարևանների հետ հարաբերություններում վերանայելու ցանկացած «պրագմատիզմ»՝ վերադառնալով պարսից խոսուն ասացվածքի իմաստնությանը՝ «հացի մասին մտածի՛ր, քանզի ձմերուկը ջուր է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել