Հարցն այն չէ, որ «Դանկե» կամ «դանկե շոն» արտահայտությունը չգիտեմ, կամ ի տարբերություն գերմանացիների, անկուլտուրականի մեկն եմ: Առավել ևս, տեղի ունեցած կարևոր իրադարձությունը նսեմացնելու որևէ մղում չունեմ: Բայց...
Շնորհակալությո՞ւն: Ինչի՞ համար: Որ վերջապես, ինչ-ինչ շահերից ելնելով, ասել են՝ յա՛, յա՛ 101 տարի առաջ ղալաթ ենք արել, դրա՞ համար: Թե՞ շնորհակալություն, որ վերջապես ընդունել են, որ իրենց այն ժամանակվա (ու ոչ միայն այն ժամանակվա) դաշնակից Թուրքիայի իշխանությունները սարսափելի ոճրագործություն են իրականացրել, որի մասշտաբներին ու մանրամասներին գերմանացի բարձրաստիճան այն ժամանակվա խորհրդատուները բոլորից լավ գիտեին:
Չէ, շնորհակալություն չեմ ասի: Չեմ ասի, որովհետև ես կատարվածը նաև իրենց կայզերական խորհրդատուների մասնակցության համար յուրովի ներողություն խնդրելու պես բան եմ համարում: Իսկ երբ ներողություն են խնդրում, դրա արձագանքը շնորհակալություն ասելը չէ:
Հարգանքով կասեմ միայն՝ կեցցեն գերմանացի ու գերմանական այն քաղաքական գործիչները, որ համարձակություն և հետևողականություն դրսևորեցին, որ տեղի չտվեցին թուրքական շանտաժներին և, ի վերջո, արեցին այն, ինչ արեցին: Իսկապես, քաղաքական համարձակությունը հարգանքի է արժանի, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Գերմանիայում կա շատ ուժեղ կազմակերպված բազմամիլիոնանոց թուրքական համայնք:
Անկասկած, Բունդեսթագի ընդունած բանաձևը կարևոր է և մեծ իրադարձություն է, որն իր հետքը թողնելու է թե՛ գերմանաթուրքական հարաբերությունների վրա, թե՛ հայ-գերմանական կապերի: Աշխարհի ազդեցիկ տերություններից մեկը, իսկ Եվրոպայում թերևս, ամենից ազդեցիկ և հզոր պետությունը սկզբունքային գնահատական է տվել մեր ազգի նկատմամբ կատարված ոճրագործությանը: Ըստ արժանվույն գնահատենք կատարվածը, ձգտենք այն ծառայեցնել նաև մեր գործնական շահերին:
Եվ ուստի՝ էյֆորիկ բացականչությունների կամ սիրահուզազեղումների մեջ ընկնելու պատճառներ չեմ տեսնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել