Սկզբից ուզում եմ մի հեքիաթ պատմել, որը արտագրում եմ 1986թ. հրատարակված «Հայ ժողովրդական հեքիաթներ» գրքից: Ուրեմն...

Գյուղացին եզներն արձակում է գութանից, որ մի քիչ արածեն, ինքն էլ գլուխը դնում է գետնին՝ մի քիչ քնի, հանգստանա: Շուտով վեր է կենում, տեսնում՝ եզները չկան, գողացել են:
Գնում է թագավորի մոտ գանգատ:
- Թագավորն ապրած կենա,- ասում է,- իմ եզները գողացել տարել են, մնացել եմ շիվար կանգնած:
- Է՜, դու ի՞նչ էիր անում, որ գողացան,- հարցնում է թագավորը:
- Ես քնած էի, գողացան:
- Ինչի՞ էիր քնել, չգիտե՞ս, որ քնած մարդու մալը կգողանան:
- Թագավորն ապրած կենա,- ասում է գյուղացին,- ես գիտեի, թե դու արթուն ես, դրա համար քնեցի: Եթե իմանայի` թագավորը քնած է, ես չէի քնի:
Թագավորը հրամայում է՝ իր ախոռից երկու եզ են տալիս գյուղացուն, գողերին էլ բռնում են, չորս եզան գին են առնում նրանցից:

Եվ ուրեմն ի՞նչ է թաքնված հայ ժողովրդական բանահյուսության այս գոհարի տողատակերում: Վստահ եմ՝ շատերը կասեն՝ այս ինչ իմաստուն, սրամիտ ու խորաթափանց գյուղացի էր, թագավորն էլ ինչ լավն էր՝ հասկացավ իմաստուն խոսքը ու պատվով ճամփու դրեց մարդուն: Իսկ ես, գիտե՞ք, ինչ եմ տեսնում: Կուզեք՝ քարկոծեք, բայց ես տեսնում եմ հայ մարդուն (կարգավիճակը կապ չունի, շարքային մատուցողից մինչեւ երկրի ղեկավար), որը ուզում է ինքը քնի, տուժի, հետո դրա մեղքը դնի իրենից վերեւ կամ ծայրահեղ դեպքում կողքը կանգնածի վրա: Ու հայ ժողովրդական բանահյուսության այս գոհարը հայ ժողովրդական մտածողության ամենատիպիկ արտացոլումներից մեկն է ինձ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել