Սամվել Բաբայանին հարգում եմ, որպես լավ ռազմական գործիչ: Գեներալ Բաբայանի հարցազրույցն եմ նայում՝ շատ լավ ու խորիմաստ է խոսում, զգացվում է, որ նախկինում գլխավորել է Արցախի բանակը ու բոլորիցս լավ գիտի ամեն լավ ու վատը: Զգացվում է, որ այսքան տարիներից հետո, մի շարք լուծումներ ունի շատ կարևոր հարցերի հետ կապված, որը կարող է մեծ օգուտ տալ մեր բանակին: Գնահատում եմ Բաբայանի զինվորական անցյալը, ընդունում եմ հաղթանակների մեջ իր ունեցած դերը ու նշանակությունը, Բաբայանին ընդունում եմ, որպես զինվորական, չեմ ուզում անդրադառնամ պատերազմից հետո նրա գործունեությանը: Բայց, հարցազրույցը նայելուց հետո, մի քանի բան իմ մեջ մութ մնաց: Ինչո՞ւ է Արցախի բանակի նախկին հրամանատարը կենտրոնանում ադրբեջանական սպառազինության վրա, ինչո՞ւ է զինվորականի մարտական ոգին մղում երկրորդ պլան ու կարևոր թշնամու արկերի քանակը: Ես իհարկե համաձայն եմ, որ բանակին հարկավոր է զենք, ինչքան շատ այնքան լավ, ինչքան հզոր այնքան ավելի լավ, բայց գեներալ Բաբայանը ինձ թվում է բոլորիցս լավ պետք է ծանոթ լինի ադրբեջանական բանակի մարտունակությանը: Պատերազմի տարիներին, երբ մեր զինվորները ավելի վատ վիճակում էին, երբ դեռ բանակ, որպես այդպիսին նոր-նոր էր ձևավորվում, իսկ Ադրբեջանը էլի ուներ հզոր տեխնիկա՝ մեզանից շատ ու մերինից հզոր, և՞, ի՞նչ եղան այդ տեխնիկաները: Այդ տեխնիկաների մի մասը գեներալ Բաբայանի նման հրամանատարների շնորհիվ անցան մեզ, մյուս մասը տեղում ոչնչացան: Այդ ամենը կատարվեց զինվորների մարտական ոգու շնորհիվ, պարոն Բաբայանի ու մնացած զինվորների շնորհիվ: Հիմա էլ Բաբայանի ու մնացած կռված տղերքի մարտական ոգին բարձր են պահում նրանց որդիները:
Պարոն Բաբայանը շատ լավ գիտի մեր բանակի թերությունները ու շատ ճիշտ խորհուրդ է տալիս, որ պետք է թիկունքի զորքերի հաշվին ամրապնդենք սահմանը, որ ապրիլյան մարտերի ժամանակ դիվերսիոն հարձակումները վերացան այն պատճառով, քանի որ կամավորները լռացրել էին բաց տեղերը ու թշնամին չէր կարող ոչ մի տեղից, ոչ մի գործողություն կատարել: Թիկունքային զորամասերի հաշվին մենք պետք է ամրացնենք սահմանի բաց տեղերը և դա վերջ կդնի ցանկացած տիպի դիվերսիայի:
Համաձայն եմ զինվորական տեխնիկայի մեծ դերի հետ, բայց՝ իմ համեստ կարծիքով, պատերազմի ելքը որոշում է զինվորի մարտական ոգին, այլապես Ադրբեջանը, զուտ միայն տեխնիկայի առումով, հաստատ այս 25 տարիների ընթացքում վաղուց գրավել էր Արցախը, բայց ինչպես նշեց գեներալ Սամվել Բաբայանը ՝ ապրիլյան մարտերի ժամանակ ունեցած փոքր հաջողությունը անակնալ էր անգամ նրանց համար, այսինքն՝ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը դեռ վստահ չի սեփական զորքի մարտունակության վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել