Այսպիսի դեպքերի մասին շատ պետք է խոսվի, այս թեման չպետք է կորի:
Ապրիլի սկզբերին, մինչ Երևանում և մնացած այլ ապահով վայրերում, բոլորը խուճապի էին մատնվել, հայհոյում էին բանակի ղեկավարությանը, պատահական հիշել էին մեր բանակի խնդիրների մասին, առանց տեղեկության, սրանից-նրանից լսած տեղեկություններ էին տարածում, վստահ էին, որ հեսա ազերին հասնում է Երևան ու մենք էլ փրկության ելք չունենք, Հայոց բանակի շարքային զինվորը՝ ժպիտը դեմքին, ավտոմատը ուսին, մի բաժակ տաք թեյով, հացի վրա ՊՆ ջեմ քսած կանգնած էր թշնամու դիմաց, կանգնած էր ու վստահ էր, որ թշնամին Երևան չի հասնի: Այդ պահին զինվորի համար կարևոր չէր՝ ո՛չ երկրի բանակի ղեկավարները, ո՛չ թշնամու տեխնիկան, ո՛չ բանակցային հանդիպումները: Այդ պահին կարևոր էր զինվորի զինակից ընկերոջ ներկայությունը, դիրքի ավագ սպայի դուխը ու մի բաժակ տաք թեյը, հա մեկել ՊՆ ջեմը՝ հացի վրա քսած, ընդհանրապես զինվորի համար ամենակարևոր բանը քաղցրն է:
Դիրքում կանգնած զինվորները, քաղաքացիական կյանքում, ապրել են մեր հետ, տարել են երկրի ծանր վիճակը, բողոքել են ղեկավարներից, դժգոհ են եղել աշխատանքից, եթե իհարկե ունեցել են, մեր երկրում աշխատանք ունենալը արդեն մի տեսակ ճոխության է նմանվել: Բայց անկախ ամեն ինչից այդ պահին դիրքերում էին ու այլ տարբերակ չկար ՝ պետք էր դիմանալ...Ու դիմացան:
Ապրիլի սկզբից շատ դիրքերում եմ եղել, տարբեր զինվորների հետ եմ խոսացել ու ամեն անգամ երանի եմ տվել , որ այդ տղերքի տրամադրության գոնե մի մասը ունենաինք մենք՝ դիրքերից հեռու ապրողներս: Բոլորի դեմքին ժպիտ կար: Ընկերոջը , մի քանի ժամ առաջ կորցրած զինվորը ժպտում էր, ժպտում էր ու պատմում , թե ոնց են դիմացել թշնամու հարձակմանը, վերջում ավելացնում էր , որ այս դիրքում հիմա նաև ընկերոջ փոխարեն է կանգնած: Հրետանավորը հպարտորեն կանգնել էր իր հրանոթի կողքը ու պատմում էր, թե ոնց են երեք ընկերով , տարբեր հրանոթներից կրակել՝ երկուսը թշնամու տանկ էին խփել, մյուս ընկերը կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ: Ոչ մեկի աչքերի մեջ լարվածություն չկար, ոչ մեկի խոսքի մեջ վախ չկար: Բոլորը ժպտում էին, բոլորը վստահ էին իրենց ու իրենց ընկերների վրա: Մնացածը սուտ է: Մորքուրների մարդերի պատմությունները, տեսախցիկներով նկարահանումները, ֆեյսբուքյան ակտիվիստները, ռազմագետներն ու փորձագետները, բոլորը սուտ են: Ճիշտը՝ զինվորի ժպիտն է...հա ու ՊՆ ջեմը՝ հացի վրա քսած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել