ՄԶՄԿ փորձագետ

Նժդեհի վերաբերյալ ֆիլմի մասին կասեմ «Խաչագողի հիշատակարանի» տպավորությամբ: Ու պարզ պատճառով, Նժդեհի մասին ֆիլմը չեմ տեսել, կարծիք չեմ կարող հայտնել, սակայն Քեշիշյանի նախորդ ֆիլմը տեսել եմ, ու ներքոնշյալ պատճառաբանությամբ որոշել եմ նրա ոչ մի ֆիլմ այլևս չնայել:
Ֆիլմի մասին կարծիքը բնականաբար սուբյեկտիվ է, ու ճաշակին էլ ընկեր չկա: Անձամբ ես ոչ այնքան շատ ֆիլմեր եմ բարձր գնահատում, որպես քննադատ շատ-շատ խիստ եմ:
Այսպես «Խաչագողի հիշատակարան»: Կարծիքս.
1. Ֆիլմը մոտս տպավորություն ստեղծեց, որ այն ոչ թե մեկ մեծ ֆիլմ է, այլ փոքր կլիպների հավաքածու, կարելի է ասել՝ սերիալ, որտեղ յուրաքանչյուր սերիա առանձին է նկարված, իր առանձին երաժշտությամբ, վերելքով ու անկումով, կերպարի զարգացմամբ, դրամայով ու դերասանական խաղով: Իսկ այդ սերիալներին միավորում է միայն ընդհանուր թեման ու դերասանների (ոչ թե կերպարների) անփոփոխությունը (այսինքն՝ Րաֆֆին):

2. Քանի որ կապ չկար այդ «սերիալների» մեջ, յուրաքանչյուրից հետո ցանկություն էր առաջանում թողնել գնալ: Այսինքն՝ չկար այսպես ասած «շահրեզադեի» սկզբունքը, որը դիտողին ուռկաներ ու ստիպեր հետաքրքրությամբ մինչև վերջ նայել:

3. Դերասաններին ազատություն տրված չէր: Դերասանական կազմը լավն էր, բայց մոտս այն տպավորությունն էր, որ նրանց արգելված էր ազատ գործել ու ամբողջությամբ դրսևորվել: Արդյունքում դերասանական խաղը ստացվել էր շատ միատարր: Միակ տեղը, որ իրոք խաղ տեսա, դա Ջանիբեկյանի խաղն էր, նայելուց նույնիսկ մտածեցի, որ Քեշիշյանը բիձուն չի կարողացել զսպի, ու նա խաղացել է այնպես, ինչպես ուզել է:

4. Գաղափարախոսությունը: Ֆիլմը դիտելուց մոտս այն տպավորությունն էր, ոնց որ արտագաղթը կանխող ագիտացիա նայեմ: Ասեմ կարճ՝ գեղարվեստական հաճույք սա չի պատճառում, ինձ համար տհաճ էր:

5. Չգիտեմ՝ սրա անունը ոնց դնեմ: Մասնագետները երևի տերմին ունեն: Ռեժիսորը պետք է կարողանա արտահայտել ցանկացած զգացում, միտք, շարժում: Ասենք՝ ափսոսանք, կարոտ, թախիծ, անսկզբունքայնություն, անխճություն և այլն: Սա միայն դերասանական խաղի վրա չի կառուցվում, ռեժիսուրան մեծ դեր ունի: Ֆիլմում այս ամենին փոխարինել էր հեղինակի խոսքը: Ամբողջ ֆիլմի ընդհանուր սյուժեն, «կլիպների» միջև կապը հենց հեղինակի խոսքն էր: Կարելի է ասել, օգնության էր հասել Րաֆֆին: Ես դեմ չեմ այս հնարքին, ավելին, իմ սիրած ֆիլմերից մեկը՝ Դե Նիրոյի «Կազինոն», հենց կազմված է հեղինակի խոսքից (կամ էլ «Ամադեուսը»): Բայց այստեղ այն խիստ արհեստական էր: Նման վատ տպավորություն ունեցել եմ նաև «Տարաս Բուլբա» ֆիլմից:

6. «Խաչագողի հիշատակարանը» հոյակապ գործ է: Ես ավելի շուտ այն կպատկերացնեի որպես արկածային ֆիլմ:

7. Ֆիլմի տեխնիկական կողմը ինձ հիացրեց՝ դեկորացիաները, ձայնային մոտաժը, երաժշտությունը, օպերատորական գործը: Այս իսկ պատճառով էլ ֆիլմի թույլ կողմն եմ համարում սցենարը և ռեժիսուրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել