Ժպտերես մարդիկ համակրանք և վստահություն են ներշնչում, բացի դա ժպիտը համարվում է նաև առողջության և ինքնավստահության գրավականը: Բայց հաճախ մարդիկ չեն ժպտում ատամների դեղին բծերն ու արյունահոսող լնդերը թաքցնելու համար: Սեփական ժպիտից չամաչելու համար էլ այս էջը սկսում ենք ատամների ճիշտ խնամքի մասին նյութով: Թվում է` ամեն ինչ հեշտ է, ատամ լվանալու մեջ ոչ մի բարդ բան չկա, բայց մասնագետները վստահեցնում են` ատամների լվանալու մեխանիզմը շատ կարևոր է: Պետք է ուշադիր լինել նաև ատամնախոզանակի ընտրության հարցում: Այն պետք է լինի միջին փափկության: Ատամները լվանալիս պետք է այն պահել 45 աստիճան անկյան տակ, որպեսզի այն ընդգրկի և լնդեզրը, և ատամները: Պետք է կատարել 5-6 շարժում` վերև և ներքև: Եվ այս ամենը ամեն օր` առավոտյան և երեկոյան երեք րոպեից ոչ քիչ: Չմոռանաք մաքրել նաև լեզուն: Կան շատ հատվածներ, որոնք ատամնախոզանակի համար անհասանելի են, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս` չվախենալ ատամնաբույժի աթոռից և տարին գոնե երկու անգամ այցելել նրանց, քանի որ անհատական հիգիենայից բացի ատամներին պետք է նաև մասնագիտական բուժզննում:

Առողջ և սպիտակ ատամներ ունենալու համար օգտակար են նաև խնձորն ու գազարը: Դրանք մաքրում են ատամները նստվածքից և սննդի մնացորդից: Այս խորհուրդներին հետևելու դեպքում վստահ եղեք, որ Ձեր ատամները կծառայեն երկար, կլինեն սպիտակ և փայլուն: 

Տաթևիկ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել