Նոր պատմվածք:
Պատրաստվողը. մի հանցավոր մտադրության պատմություն:
Ձայներ խոհանոցից
Երրորդ հարկի խոհանոցի լույսը մինչ ուշ գիշեր չէր հանգչում: Շենքի լույսերը մարում էին հուշիկ, գրեթե երբեք չխախտվող հաջորդականությամբ: Երրորդ հարկի խոհանոցի լույսը բարեհույս քաղաքացու պես ոչ առաջինն էր լինում, ոչ էլ վերջինը: Ամեն երեկո աննկատ անջատվում էր նախքան երկրորդ հարկի ուսուցչուհու բնակարանի ու մինչև հինգերորդ հարկի հաշվապահի մեկսենյականոցի լույսերի հանգչելը: Ակնհայտ էր, որ երրորդ հարկի բնակարանի տիրոջ կյանքում ինչ-որ լուրջ փոփոխություն էր տեղի ունեցել. վերջին մեկ ամսվա ընթացքում խոհանոցի լույսը մինչ ուշ գիշեր չէր անջատվում, իսկ հարևանները, աշխատանքի շտապող կամ աշխատանքից վերադարձող մարդու գորշ, մաշված կերպարանքը տեսնելիս, շշուկով բողոքում էին նրա խոհանոցից մինչ ուշ գիշեր տարածվող անհասկանալի ձայներից: Ձայնների մասին մարդու հետ փորձել էր խոսել նաև համատիրության նախագահը: Մարդը խեղճացած ժպիտով լսել էր նախագահին ու խոստացել, որ այսուհետ այդ հարցում առավել նրբանկատ է լինելու: Խոստումը կատարել էր օրումեջ, կարծել էր, թե մի օրվա լռությունը բավական է լինելու նախորդ օրվա աղմուկը հարևանների հիշողությունից ջնջելու համար: Դժգոհ շշուկները՝ սովորականից ծույլ-ծույլ, անշտապ, նորից հասել էին համքարության նախագահին: Պատկառազդու, լավ հնեցված կոնյակի տակառի չափ հաստափոր, ալեհեր նախագահը, զայրացած փնչացնելով, մարդուն դարանակալել էր թեք ընկած կտուրի եզրը շենքի կողին հենած կոշկակարի կրպակի մոտ:
Երբ ճեղքելով աղջամուղջի մեջ խտացող ստվերները՝ աշխատանքից տուն վերադարձող մարդը մոտեցել էր կրպակին, նախագահի ձեռքը մթության մեջ զոհին սպասող օձի պես կտրուկ մեկնվել ու բռնել էր նրա նիհար արմունկը: Մարդն անակնկալից գունատվել էր, աչքերն արագ-արագ թարթել էին՝ ասես շտապ օգնության մեքենայի տագնապախռով առկայծիչներ:
-Լսիր, հարևան, ժողովուրդը շատ է բողոքում, երեկոները մի՛ աղմկիր,-շենքն օղակած ծառերի հանդարտ խշշոցի մեջ հնչել էր նախագահի խռպոտ, լուրջ, ծանր խոսքը: Աղջամուղջի աննկատելիորեն ծփացող ստվերների մեջ մարդու դեմքը կարմրել էր ամոթից: Գլուխը կախել էր, արդարացել:
-Ձեռքս մի քիչ դրամ է ընկել, հազիվ հնարավորություն կա վերանորոգելու խոհանոցը, աշխատանքից էլ, տեսնում ես, թե երբ եմ վերադառնում,- մարդու վերջին բառերը՝ մեղմաձայն ու տրտում, ձուլվել էին ծառերի կարծես թե ուժեղացած խշշոցին:
-Հաաա, - ասես տեղահան արված տակառ՝ ճռռացել, երկար ծոր էր տվել նախագահը,- հասկանում եմ, բայց, ամեն դեպքում, քիչ աղմկիր: Մարդիկ են, բողոքում են:
Դժգոհ փնչացնելով՝ նախագահի տակառանման մարմինը դանդաղ գլորվել էր դեպի շենքի հետևում թանձրացող ու տաղավարից հնչող նարդու զառերի և դոմինոյի քարերի չրխկոցի մեջ անհետացող մթությունը: Մարդը տրտում ժպտացել էր իր ուրվագծերը դանդաղորեն մթությանը խառնող նախագահի կլոր գավակին ու գլուխը կախ գցած բարձրացել տուն:

Մի քանի շաբաթ առաջ. համակարգչի ձեռքբերումը
-Ինձ համակարգչով աշխատել կսովորեցնե՞ս,- ամաչելով, վեհերոտ ձայնով տրված հարցն անակնկալի բերեց համակագչի տեխնիկ-օպերատորին: Աղջիկը վարժվել էր, որ իրեն խնդրանքով դիմած աշխատակիցը հիմնարկում սովորաբար աննկատ ու լուռ է մնում՝ ասես հուսալի, տան մի անկյունում վաղուց դրված կահույք, որն օգտագործում են գրեթե բնազդաբար, ու որի բացակայությունը նկատում են միայն այն հնավաճառին հանձնելուց օրեր անց:
Մարդը նկատեց աղջկա զարմանքն ու ուրիշին անհանգստացնելն աններելի հանցագործություն համարողի փութկոտ պատրաստակամությամբ կանխեց հնարավոր հարցը;
-Ոչ, ոչ, քեզ շատ չեմ չարչարի, ընդամենը ցանկանում եմ համացանցում աշխատել սովորել, նյութեր նայել, անհրաժեշտը՝ տպել:
Մարդու միամիտ անպաշտպանությունը հուզեց աղջկան, ժպտաց կարեկցանքով:
-Հաճույքով կօգնեմ, ուզածդ շատ հասարակ բան է, իսկ ինչու որոշեցի՞ր հիվանդանալ համացանցով: Արտասահմանում հարազատներ ունե՞ս, ցանկանում ես շփվե՞լ «Սքայփով», -աղջկա հարցը մարդուն անհասկանալի թվաց. չգիտեր, թե ինչ է «Սքայփը»:
-Ոչ, ցանկանում եմ կահույք պատրաստել, լսել եմ, թե համացանցի միջոցով հնարավոր է սովորել ու նաև անհրաժեշտ գծագրերը ձեռք բերել:
Աղջկա ժպիտը լայնացավ ննջասենյակի կահույքի երկտեղանի անկողնի չափ:
-Իսկ համակարգիչ ունե՞ս:
-Դեռ ոչ, ապառիկի թղթերը երեկ հանձնել եմ, այսօր պիտի պատասխան տան: Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է մերժեն,- վերջին հարցը տալիս՝ մարդը նկատելիորեն անհանգստացավ:
-Չէ, չեն մերժի,- վստահ պատասխանեց աղջիկը՝ ներքուստ զարմանալով մարդու հուզմունքի վրա,- եթե մերժեն էլ, փույթ չէ, մեկ այլ բանկում ապառիկդ կձևակերպես:
Ճաշից հետո աղջկա մոտ եկած մարդը անչափ լուրջ, հանդիսավոր տեսք էր ունեցել: Բանսիրական կրթությամբ աղջիկը մարդուն մի անվանի միջնադարյան ասպետի զինակիրի էր նմանեցրել: Փռթկացել էր՝ նրան պատկերացնելով կաշվե գոտիներով ու օղազրահով պարուրված, ձեռքի դյուրակիր համակարգչի գունագեղ տուփին էլ՝ սարքի հնարավորությունների մասին ճչացող գրությունների փոխարեն ՝ հավատարիմ, լռակյաց զինակիրի համեստ նշանաբանը:
Մի քանի օրվա ընթացքում մարդը սովորել էր համացանցում ինքնուրույն նավարկել: Աղջկան մանրամասնորեն հարցրել ու մաշված կազմով դպրոցական տետրի մեջ մանր ձեռագրով գրել էր իրեն հետաքրքրող տեղեկույթը տարբեր որոնման համակարգերի օգնությամբ գտնելու եղանակները:
«Գուգլ» բառը մշտապես արտասանել էր վերջին լ-ն ռուսի նման փափկացնելով: Աղջիկն ամեն անգամ անչար ծիծաղել էր: Մի քանի օր հետո մարդը, կարծես թե ամաչելով, հարցրել էր որոնման պատմությունը ջնջելու հնարավորության մասին: Աղջիկը զարմացել էր, տհաճությամբ մտածել էր, որ միայնակ ապրող մարդը կահույքի պատրաստման գաղտնիքներին զուգընթաց համացանցում երբեմն նաև պոռնկագրական նյութեր է որոնում, սակայն որոնման պատմությունը ջնջելու եղանակը ցույց էր տվել: Մարդը իր դպրոցական տետրում ավելացրել էր նաև այդ գրառումը ու ճաշից հետո որպես իր երախտագիտության և կարճատև դասընթացն ավարտված լինելու նշան աղջկա համար մի տուփ կոնֆետ էր բերել :

Սպանության գործիքները՝ նետաղեղ, թույն, պայթուցիկ
Նրանց սպանելիս պետք էր լինելու գործել անշշուկ՝ տան նկուղում գունդ-գունդ օղակված գյուրզայի պես: Մարդը համոզված էր՝ սպանելը հեշտ էր լինելու: Նախճիրը կատարվում էր ամեն օր: Ամեն օր դանակը մխրճվում էր նրանցից մեկի փորը, մի քանի անգամ պտտվում իր բռնակի շուրջը՝ կտրատելով աղիների անվերջ գալարները: Ամեն օր մատիտի սուր ծայրը մտնում էր նրանցից մեկի աչքն, ու բիբին անսպասելիորեն արագ մոտեցած գրաֆիտի սև կետը դառնում էր նրանց հերթական աշխարհի վրա նետված մի համատարած, հավերժական մթություն: Ամեն օր նրանցից մեկը կտոր-կտոր էր լինում, փշուր-փշուր ոսկորների, փերթ-փերթ մսի ու արյան ուրախ ցայտերի պտտահողմ դարձած՝ բարձրանում երկինք, երբ ինքը, լայնորեն ժպտալով զոհին, սեղմում էր պայթուցիկ սարքը գործարկող վահանակի կոճակը: Ամեն օր մի արևակեզ լողափում, արմավենինների ստվերներից բաժանվելով, նրանցից մեկի հետևից աննկատ մտնում էր ծով ու քաշելով ոտքից՝ ջրասույզ անում թպրտացող, անասելիորեն վախեցած ու զարմացած լողորդին: Նրանք, անտրտունջ, չհասկանալով գիտակցել կատարվածն, ամեն օր խեղդամահ էին արվում, մորթվում, գնդակահարվում, պայթեցվում, թունավորվում սրճարաններում և հրապարակներում, տանը՝ բազմոցին թիկնած ու թղթախաղի սեղանի մոտ, շքեղության մետաղական փայլով պսպղացող մեքենաներում և աշխատասենյակի լռության մեջ:
Ամեն օր կատարվող սպանությունների մեջ գեղագիտություն ու հերոսականություն կար, սպանության վայրի վրա ընկած լույսի շողերում՝ ինչ-որ գունաթափ ողբերգականություն: Ամեն օր նրանցից մեկին սպանելիս՝ ինքը Պրոմեթևս էր, Ֆրանկենշտեյն՝ վտիտ մարմնում բանտարկված խռովարար էություն: Իսկ իրականում գնդակահարելն ու դանակը որովայնը խոթելը երազանք էր, որ պիտի անկատար մնար: Աղմուկը, վերքերից առատորեն շատրվանող արյունը, կրակահերթերին հաջորդող ոստիկանական շչակների սուր ոռնոցն ու դեպքի վայրից քաղաքով մեկ տարածվող գործակալների անտեսանելի ալիքները մարդու թշնամիներն էին՝ անողոք որսաշներ, որոնք, ընկնելով հետքի վրա, անպայման իրենց սուր ժանիքները մխրճելու էին մարդու նիհար սրունքի մեջ:
Սպանությունը պիտի կատարվեր որպես սրբազան ծես՝ պարուրված լռությամբ ու անթափանց գաղտնիքով: Ինքը սպանելիս երկյուղած ու խոնարհ էր լինելու. մարդը սպանելու համար Արարիչի աչքերին նայելու հանդգնություն էր պետք, մարդ սպանելու համար պետք էր լինելու անցնել մարդու սահմանները: Արարիչի աչքերին նայելիս՝ պատշաճ կլիներ օբսիդիանե դաշույն կամ ողջակեզի խարույկ կիրառել, սակայն զոհաքարի վրա ու ցախակույտի մեջ կայմի պես միայնակ վեր խոյացող սյանը կապված զոհի, թպրտացող, սեփական ամենակարողության ու հարատևության պատրանքից սարսափելիորեն արագ զրկված զոհի ու մարդու միջև այդ դեպքում հայտնվելու էր Օրենքը:
Ձերբակալվել չէր ուզում: Գիտեր, որ Օրենքի բանտային աշտարակներում անդադար գործող կոշտամանրիչը ջախջախելու, փոշի էր դարձնելու իր ոսկորները: Սպանությունը հետքեր չպիտի թողներ: Նոր գնված դյուրակիր համակարգչի օգնությամբ համացանցը փորփրելիս ՝ մարդը անձայն ու առանց ակնհայտ հանցանշանների սպանության բազմաթիվ տեսակներ էր հայտնաբերել: Որոշները դեն էր նետել միանգամից՝ կարճ՝ մեկնված ձեռքի կամ մի փոքր ավելի հեռավորություն պահանջող եղանակները վտանգավոր էին, որովհետև ենթադրում էին մարդու տեղի ու ժամանակի համաձայնեցում զոհի տեղի և ժամանակի հետ: Կողմնակի աչքերից խուսափելն այդ դեպքում գրեթե անհնար էր լինելու, անհնար էր լինելու նաև ազատվելը կոշտամանրիչի անընդհատ պտտվող գլաններից: Մարդու և զոհի միջև տարածական ու ժամանակային վիհ պիտի լիներ, որտեղ պիտի անհետանային նրան առնչվող բոլոր կասկածները:
Որևէ դանդաղ ներգործող թույն կիրառելը ժամանակային բաժանում ապահովում էր, սակայն վտանգավոր հեղուկի կաթիլները կամ մահաբեր փոշին լցնելու համար մարդը չար ոգու պես պիտի կռանար նրանցից մեկի բաժակի կամ ափսեի վրա: Նրանց սպանելու կատարյալ միջոց էր համարել նետաղեղը: Պրկված լարի միջոցով բարակ, փետրավոր նետին մահացու խոյանք հաղորդող վաղնջական գործիքը պիտի թույլ տար սպանել հեռվից: Առօրյա ժխորից առարկայացած, մի կարճ ակնթարթ օդի ձայնով սոսափած մահվանը հաջորդած խառնաշփոթը պիտի թույլ տար հանգիստ քանդել մի քանի մասից կազմված զենքն ու աննկատ հեռանալ: Վառարանը պիտի լիներ սպանության գործիքը մոխրացնող վերջակետը: Խողովակից քուլա-քուլա դուրս եկող հանցանշանի հետ պիտի հեռանար նաև մարդուն մաշող, նրան ոսկորների վրա քաշած կաշվե պարկ դարձրած ատելությունը:
Նետաղեղ պատրաստելու մանրամասն հրահանգը հայտնաբերել էր «YouTube»-ում՝ փաստաբան Եգորով անունով մի ռուս ինքնուս գյուտարարի կապուղու տեսանյութերը դիտելիս: Հմայված հետևել էր, թե ինչպես է տհաճ ձայնով փաստաբանը տնտեսական ապրանքների խանութից գնված մետաղապլաստե խողովակներից ահեղ մարտական զենք պատրաստում: Խոհանոցի վերանորոգումը մետաղապլաստե խողովակներ գնելու պատրվակ էր դարձել: Հետո մինչ ուշ գիշեր սկսել էր վառվել խոհանոցի լույսը: Հետո հարևաններին անհանգստացնող ձայների մասին խոսելու համար համատիրության նախագահը մարդուն դարանակալել էր թեք ընկած կտուրի եզրը շենքի կողին հենած կրպակի մոտ՝ աղջամուղջի ծփացող ստվերների մեջ թաքնված: Մարդը խոստացել էր չաղմկել ու բարձրացել էր տուն՝ մինչ ուշ գիշեր նետաղեղի ծայրերն ամրացնող վրադիրները սարքելու:

Հանցավոր մտադրության ծագումնաբանությունը:
Մարդու հրացանը՝ իր պես բարակ խզակոթով ու մաշված փողերով որսորդական հրացանը թաղային տեսուչն առգրավել էր ու մարդուն ասել, որ առավոտյան անպայման լինի ոստիկանության շրջբաժնում: Առգրավելու օրը մարդը կրակել էր Քաղաքի երկու նորակառույց թաղամասերի միջև գունագեղ լաթակտորի պես ընկած ամայուտում գտնվող իր այգին ներխուժած խոզերի վրա: Հետո, երբ խոզատերը տեսուչի հետ եկել էր մարդու հետ խոսելու, մայր էր հայհոյել ու դանակ քաշել նրա վրա: Տեսուչն անձնազոհաբար մտել էր դանակի սպառնալիորեն ցնցվող շեղբի ու վախից լայնացած աչքերով խոզատիրոջ արանքը: Հողը տրորվել էր, իրար մոտեցող ու հեռացող, իրար շուրջը պտտվող ծանր կոշիկների տակ տրորված հողի վրա արյու՛ն պիտի թափվեր, բայց տեսուչը կարողացել էր խլել դանակը:
Առավոտյան ոստիկանություն գնացել էր զարմիկի հետ: Բարձրաստիճան պաշտոնյա զարմիկի ներկայությունից ոստիկանների մռայլ դեմքերին պայծառ, կենսուրախ ժպիտներ էին հայտնվել: Մարդու անխուսափելի պատիժը դարձել էր հմուտ բեմադրություն, որի վերջնամասում տուժող խոզատիրոջ բողոքով դիմումը պիտի կտոր-կտոր լիներ, մանրանար դեպի թատրոնի առաստաղը նետված կոնֆետիի պես:
Խոզատերը բորբոքված էր խոսել:
-Գիտե՞ք, թե քանի անգամ է հրացան քաշել իմ վրա: Դեռ դատարան էլ էր դիմել, իբրև թե ես եմ հարձակվել, ախր եթե խփեի, երևի սա կմահանար: Իննսունվեց հազար էլ տուգանք եմ մուծել պետությանը: Իննսունվե՛ց հազար…
-Եղբայր, բա ես ողջ օրը չարչարվեմ, հողի հետ կռիվ տամ, իսկ սրա խոզերը մտնեն այգի, ոչնչացնե՞ն աշխատանքս: Ով էլ լիներ իմ փոխարեն, կաներ նույնը, դեռ մի բան էլ ավելին:
-Արի մոռանանք, թե նախկինում ինչ է եղել: Ներե՞լ ես, տղամարդկությու՛ն ես արել,- սկսել էր հաշտարարի դերը կատարել թաղամասային տեսուչը,- հիմա խոսում ենք միայն երեկվա ու այսօրվա մասին:
-Միշտ ցանկացել է վնաս հասցնել խոզերիս,- որսագող բռնած բնապահպանի պես կրքոտ շարունակել էր խոզատերը:- Ցանկապատը քանդել ու արանքում մկնդեղ էր դրել՝ ցորենի հետ խառնած, ափսեի մեջ: Խոզերի համար ճանապարհ էր բացել ու թույն դրել: Խոզերս կերել ու սատկել են: Ես էլի չեմ բողոքել, ասել եմ՝ լավ-վատ՝ հարևան ենք, ազգ…
Մարդը չէր դիմացել, ընդհատել էր:
-Տականքը ստում է, ստում: Շունս սատկել էր ժանտախտից, իսկ սրա մարդակեր խոզերը քանդել են խեղճ Ջեկոյիս գերեզմանը ու կրծել նրա ոսկորները: Թու՛հ, մարդ խոզի միս պիտի չուտի: Հա՛, ասածս այն է, որ սրա խոզերը, հա՛, սատկել են, դե դիակ լափողը կսատկի, բա ինչ կանի…
-Հմ, չի էլ ամաչում, ոստիկանին է խաբում-ձեռքերը լայնորեն տարածել ու անտեսանելի հանդիսատեսին դժգոհել էր խոզատերը:
-Ո՞վ, ե՞ս,- ականջներին չէր հավատացել մարդը:
-Բա չէ՝ ես, ե՞ս էի ամառվա կեսին կտրում ջուրս, ե՞ս էի շանը քսի տալիս խոզերիս վրա- զայրույթից կծոտելով շուրթերը՝ ճչացել էր խոզատերը:
-Եղբայր, սրան կարգի հրավիրեք: Հերիք եղավ, հա՛: Ինչպե՞ս է համարձակվում քաղբաժնում ձայն բարձրացնել,- մարդն իրենց պատերազմի մեջ էր փորձել ներքաշել ոստիկանին՝ օձի պես խորամանկ ու աղավնու պես միամիտ թաղային տեսուչին:
-Երեկ էլ դանակով էր փորձում խփել ինձ, Ձեր իսկ ներկայությամբ,- չէր լռել խոզատերը:
Ոստիկանը բաժնի պետի աշխատասենյակում սուրճ խմող զարմիկի հետ խոսելուց հետո առաջին քրիստոնյաների նման ներողամիտ էր դարձել, լեցուն գութով ու անափ համբերությամբ:
-Ինչ եղել է՝ եղել է: Անցյալը հիշելու կարիք չկա, սթափվեք, սիրելիներս, ներողամիտ է պետք լինել, միմյանց սիրել է պետք, - հետո ոստիկանի քարոզը գործնական երանգներ էր ստացել,- դանակով խփելու փորձ չի եղել, մենք հիմա խոսում ենք կրակելուց հետո կորած խոզի մասին մի համաձայնության եկեք ու գնացեք ձեր գործերին, ես էլ հազար գործ ունեմ:
Խոզատերը մի քանի րոպե լռել էր՝ նայելով առջևի թղթապանակի մեջ սուզված տեսուչի ածիլված ծոծրակին:
-Լավ, թող իննսունվեց հազարս՝ անարդար վճարված տուգանքը հետ տա ինձ, իսկ սպանած խոզի դիմաց պահանջ չունեմ, վերջ ի վերջո՝ բարեկամներ ենք, -առաջարկել էր ՝ կուլ տալով թուքը:
-Դուք ազգականնե՞ր եք,- անկեղծորեն զարմացել էր ոստիկանը՝ գլուխը հանելով թղթապանակի միջից:
-Ցավոք սրտի՝ հա՛,- հաստատել էր մարդը, դողացող ձեռքերով գրպանից թղթադրամների մի խուրձ էր հանել, խնամքով ընտրել մի քանիսն ու մեկնել ոստիկանին, - մի խոզի գին է, առ, կտաս դրան, հարցը փակվի:
-Չեղավ, չեղավ,- քահ-քահ ծիծաղելով՝ հրաժարվել էր ոստիկանը,- ինքդ կտաս գումարը, ինքդ էլ կվերցնես ստացականը:
-Քեռի, բայց դա հաստատ խփածդ խոզը գտել է, մորթել ու, միսն էլ սառնարանում դրած, դիմել է ոստիկաններին, թե չէ երբեք չէր ասի՝ խոզի դիմաց պահանջ չունեմ,-ոստիկանությունից դուրս գալիս մարդուն ասել էր զարմիկը:
-Հաաա,- սեղմած ատամների արանքից ֆշշացել էր մարդը,- իննսունվեց հազարը դրա քթից եմ բերելու:
-Ի՞նչ պիտի անես,- հետաքրքրվել էր զարմիկը:
Մարդը լռել էր: Զարմիկը չէր պնդել հարցը: Քայլել էին լուռ, լուռ ձեռք տվել միմյանց, ու զարմիկը հեռացել էր երկայն ծառաբները պահակախմբի նիզակների պես անցորդների գլուխների վրա խոնարհած ծառուղով:
-Պիտի սպանե՛մ,- շշնջացել էր մարդը, երբ զարմիկի կերպարանքն անհետացել էր ոլորանի հետևում:

Հավերժական նետերը
Նետերով հեղեղվել էր նախ խոհանոցը, հետո նետերի հեղեղը՝ ասես պատերազմի ելած բարակիրան ու վտանգավոր օձերի բանակ, հասել էր ննջարան, մտել զգեստապահարանի ու մահճակալի տակ, զգեստապահարանի մեջ խառնվել մարդու սպիտակ, մոխրագույն ու մուգ կապույտ շորերին, հետո զավթել հյուրասենյակի մի մասն ու միջանցքի բոլոր պահարանները: Հին նետերը սկսել էր գիշերները դուրս տանել տնից: Դեպի թաքստոցները քայլել էր՝ ընտրելով ամենից խիտ ստվերներն ու մթության թանձրուկները, քայլել էր լուռ՝ լուսնի պես պաղ, լուսնի պես վառվող աչքերով շաղափելով գիշերը: Լուսնոտի պես անաղմուկ ու թեթևասահ՝ երբևէ չէր նկատվել գիշերային պարեկների կողմից: Խունացած թերթերի մեջ փաթաթած նետերի խուրձը՝ թևատակին, հնամաշ կոշիկներով, գիշերներն ամայացած շուկայում քամու գլորած ստվարաթղթի կտորների պես անպետք ու սովորական: Մահաբեր սլաքները թաքցրել էր հակառակորդի թիկունքում հայտնված դիվերսանտի զգուշությամբ:
Պիտի սպաներ նրանցից մեկին: Խոզատիրոջը կամ նրա որդիներից մեկին: Մտքում ամեն օր նախճիր գործելով՝ սկսել էր ուշադրություն դարձնել զուգադիպություններին, մոգական համարվող թվերին ու երկնքի սև գիպսակարտոնի մեջ ներկառուցված անհամար փոքրիկ լամպերի նման իր գիշերային զբոսանքները լուսավորող աստղերի դասավորվածությանը: Սպանելու համար պարտադիր էր համարել իննը նետ ունենալը, իններորդ նետը մի կողմ դնելուց հետո մտածել էր քառասուն թվի անմեկնելի խորհրդի մասին, հետո ճատրակի խաղատախտակն անվերջանալի համադրությունների բաժանող վաթսունչորս թվի: Երբ պատրաստ էր եղել վաթսունչորսերորդ նետը, մարդը մտածել էր, որ շրջանի անսահման եզրագիծը կարողացել են հաղթահարել միայն այն աստիճանների բաժանող երեք հարյուր վաթսուն թվի օգնությամբ: Հետո որոշել էր, որ ամեն նետը պիտի համապատասխանի տարվա մի օրվա: Տարվա օրվան էր համապատասխանեցրել նաև նետերի գույնը: Ամառային գիշերներին կարճատև ձայների հետ խոհանոցի բաց պատուհանից դուրս էր սփռվել նաև ներկերի սուր հոտը: Գիշերային նետերը սև էր ներկել: Ամառային նետերը կանաչ պիտի լինեին, որովհետև խոզատիրոջը պետք է գտնեին ճամփեզրի թփուտների կամ նրա տան մոտ աճող ծառերի սաղարթների միջից: Ձմեռային նետերը ճերմակ էին լինելու, որովհետև խոզատիրոջ մահը ձյան սպիտակ անհուսությունից պոկված ու դեպի ոտքերը կպչուն ձյունից դժվարությամբ պոկող թիրախը շոշտակիորեն սլացած սառցալեզվակի տեսք պիտի ունենար: Աշնանային նետերը խայտաբղետ էին լինելու՝ ասես իրենց մերկությունից ամաչող ծառերի տակ կույտ-կույտ թափված տերևների մեջ թաք կացած իժ:
Հարևանները նկատել էին խոհանոցից հնչող ձայնների կարճանալը: Նետ պատրաստելու համար բարակ խողովակը կտրում էր մեջտեղից: Մի կարճ ակնթարթ լսվում էր մետաղին մոտեցած սղոցի չար վզզոցը, կիսվող մետաղը բարկությունից կայծեր էր արձակում, հետո խոհանոցի լռության մեջ լսվում էր մետաղը խարտող մարդու ծանր շնչառությունն ու խարտոցի հոգնած, բողոքող, թույլ ձայնը: Օրը երկու նետ: Սղոցի աշխատանքի մի քանի ակնթարթ: Խարտոցի բողոքի ու ծանր շնչառության մի քանի ժամ: Հաջորդ օրը նետերը տարվա եղանակի կամ գիշերվա գույնն էին ստանում:
Տարեվերջին պիտի պատրաստ լիներ վերջին նետը: Նոր տարին պիտի սկսվեր նետաձգությամբ: Նոր տարին պիտի սկսվեր փառավոր որսով: Բայց մարդը սկսել էր հին նետերը գիշերները դուրս տանել տնից: Նրա պատրաստած հինգ հարյուրերորդ, հազարերորդ, տաս հազարերորդ նետը երբեք չէր դառնալու վերջինը: Մետաղին մոտեցող սղոցի չար վզզոցը լսվելու էր ամեն գիշեր, ամեն գիշեր խոհանոցի հատակին էին ընկնելու մարդու քրտինքի ծանր կաթիլներն ու երկար ձգվելու էր խարտոցի տակ տառապող մետաղի աղերսագին ձայնը:
Մի սովորական օր, երբ մահը՝ արևի շողերով կամ ալմաստների պես առկայծող ձյան փաթիլներով պարուրված, թռչունների ճռվողյունի կամ քամու մռայլ սուլոցի ուղեկցությամբ ներս մտներ խոհանոցի բաց լուսամուտից, մարդու շուրթերից ընկած ու մահվան ոտքերի տակ փշրված վերջին շունչի հետ խոհանոցի հատակին էր ընկնելու վերջին՝ երեք հարյուր վաթսունհինգերորդ նետը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել