Նացիստական համակենտրոնացման ճամբարներում մարդկանց վերածում էին դասական «Կենսաբանական զանգվածի», որը զուրկ էր որևէ տեսակի անհատական կամքից և ընդվզման կարողությունից: Այդ նպատակին հասնելու համար նացիստների կողմից կիրառվող մեթոդներից մեկը կոչվում էր «Ստիպել մարդկանց հավատալ, որ իրենցից ոչինչ կախված չէ»: Դախաույի և Բուխենվալդի նախկին կալանավոր Բրունու Բետելհեյմը իր աշխատությունում նշում էր, որ այդ կանոնն իրականություն դարձնելու համար նացիստները կալանավորների համար ստեղծում էին անկանխատեսելի իրավիճակ, որտեղ հնարավոր չէր լինում պլաններ կազմել և կալանավորները ստիպված ապրում էին նացիստների կողմից թելադրած բովանդակության շրջանակներում, որտեղ արգելվում էր որևէ տեսակի անհատական նախաձեռնություն: Նման ձևով համակենտրոնացման ճամբարում ոչնչացրեցին չեխ կալանավորների խմբին: Որոշ ժամանակ չեխերին առանձնացրին, որպես «արտոնյալներ»: Հարմարավետ պայմաններ ստեղծեցին, ազատեցին ծանր աշխատանքներից և պարտականություններից: Որոշակի ժամանակ անց նրանց աշխատելու տարան քարհանքում, որտեղ ամենաշատ մահացության դեպքերն էին գրանցվում: Այնուհետև կալանավորներին կրկին թեթև աշխատանք և լավ պայմաններ տվեցին: Մի քանի ամիս հետո կրկին քարհանք և այս անկանխատեսելիության և կամայականության արդյունքում չեխական կալանավորների խմբից ոչ ոք ողջ չմնաց: Սեփական կյանքի անկառավարելի վիճակը, ահնհարինությունը վերացնում է մարդու ոտքերի տակի հողը: Անհատը ուղղակի չի կարողանում մշակել իրավիճակին հարմարվելու մարտավարություն և ամբողջովին կազմալուծվում է թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել