Դժվար է ծխելը դադարելը: Սակայն իմանալը, թե ինչ ազդեցություն կարող է թողնել ձեր օրգանիզմի վրա դա, կարող է օգնել ձեզ:

Հենց այն պահին, երբ դուք մի կողմ եք դնում ծխախոտը, օրգանիզմը սկսում է դրական փոփոխություններ կրել: Ընդամենը 20 րոպե անց սրտի բաբախյունը վերադառնում է նորմալ մակարդակի: 2 ժամ անց արյան ճնշումն է կարգավորվում և հենց այս ժամանակ է նիկոտինը սկսում դուրս գալ օրգանիզմից: Մի քանի տարի անց, ձեր՝ սրտային հիվանդություններ կամ քաղցկեղ ունենալու հավանականությունը կիսով չափ քիչ կլինի, քան ծխողների մոտ:

Եթե դուք դադարել եք ծխելը մինչ 30 տարեկանը, ապա կարող եք համարել, որ այժմ ապրում եք նույն կյանքով, որով ապրում են երբեք ծխախոտ չօգտագործածները: Սակայն սա չի վերաբերում այն անձանց, ովքեր չարաշահել են ծխախոտը՝ վնասելով իրենց թոքերը կամ առաջացնելով մի շարք խրոնիկ հիվանդություններ:

Ծխելը դադարելը դրական ազդեցություն է ունենում առանձին օրգանների վրա նույնպես:

Ուղեղ

Ծխախոտը պարունակում է քիմիական նյութեր, որոնք նույն ազդեցությունն են թողնում, ինչ թմրանյութերը: Հենց այս քիմիական նյութերի պատճառով է առաջանում կախվածություն: Նիկոտինի՝ արյան միջից հեռացումից հետո, որը, որպես կանոն, տեղի է ունենում ծխելը դադարելուց մի քանի օր անց, այդ նյութերի հոսքը աստիճանաբար դադարում է դեպի ուղեղ: Սկզբնական ժամանակաշրջանում ծխելու ուժեղ ցանկությունը հաղթահարելու դեպքում ձեր ուղեղը հետագայում այլևս չի կարողանա ընդունել այդ վնասակար քիմիական նյութերը:

Թոքեր

Թոքերն արագ վերականգնվելու հրաշալի հատկություն ունեն: Մարդու շնչուղիները ներսից շրջապատող թարթիչներ ունեն, որոնք ծխելը դադարելուց հետո աստիճանաբար վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին: Դրանք հանդիսանում են թոքերը մաքրող համակարգ:

«Մարդիկ հաճախ սկսում են ավելի շատ հազալ ծխելը թողնելուց հետո, բայց դա բնական է, քանի որ թոքերն ինքնամաքրման գործընթաց են սկսում», - ասել է բժշկուհի Լաուրա Բլուն Time ամսագրում:

 

Սիրտ

Ծխելը թողնելը անհամեմատ ավելի լավ միջոց է սրտային հիվանդությունները կանխելու համար, քան մի շարք դեղամիջոցների հաճախակի ընդունումը, ինչպես օրինակ՝ ասպիրին, բետա-բլոկերներ, ստատիններ: Հենց այն միջոցին, երբ դուք դադարում եք ծխելը, ձեր արյան և սրտային անոթները սկսում են վերականգնվել՝  նվազեցնելով սրտային կաթված ստանալու ռիսկը:

Ատամներ

Նիկոտինը հետքեր է թողնում նաև ատամների վրա: Հետևաբար երբ թողնում եք ծխելը՝ ձեր ատամները հետզհետե դառնում են ավելի ամուր և սպիտակ: Անհետանում է նաև տհաճ հոտն ու ծանր շունչը: Ծխելը դադարելուց հետո անհրաժեշտ է օրական երկու անգամ լվանալ ատամները և շատ ջուր խմել, որպեսզի դրանց վրա կուտակված շերտը վերանա:

 

Մաշկ

«Մարդու մաշկն արտացոլում է նրա ապրելաոճը և այն, թե ինչ է նա ուտում կամ խմում օրվա ընթացքում»:

Իրոք, ծխելը բացասական ազդեցություն ունի մաշկի վրա: Այն մեծացնում է էկզեմայի ռիսկը, արագացնում ծերացման գործընթացը: Ծխողների մաշկը մի քանի անգամ ավելի շուտ է կնճռոտում:
Չնայած նրան, որ մաշկին հասցված վնասներից շատերն անանցանելի են, ծխելը դադարելը կարգավորում է արյան հոսքը և մաշկին խոնավեցում է հաղորդում, ավելի երիտասարդ տեսք տալիս: Շատ ջուր խմելը նույնպես կարող է օգնել վերականգնել մաշկը: Ինչպես նաև, եթե անքնության պատճառով ձեր աչքերի տակ պարկիկներ են հայտնվել, ապա անգամ հեռացնելով ծուխը ձեր միջավայրից՝ հնարավոր կլինի կարգավորել քունը և ազատվել դրանցից:

Հետևաբար երբեք մի հանձնվեք և երբեք մի մոռացեք, որ միշտ էլ կարող եք ունենալ լիարժեք առողջություն և ավելի լավ տեսք: Միայն թե մի փոքր կամքի ուժ է պահանջվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել