Երբ երեխաների մոտ նկատում եք ինչ-որ նախասիրություններ, ձիրք, հակումներ, տաղանդ, ձգտում, սեր որևէ մասնագիտության հանդեպ, ապա մի՛ արգելեք, մի՛ խանգարեք, մի՛ փորձեք նրան պարտադրել ձեր ընտրած, ձեր նախասիրած մասնագիտությունը, ձեր ընտրած ճանապարհը: Մի′ ջարդեք, մի′ կոտրեք, մի′ խեղեք նրա մեջ արմատավորվող, զարգացող աշխարհը, ինքնուրույն կայացման ընթացքը:
Ի վերջո, եթե հատկապես նրա մոտ դա բնատուր է, նա մեկ է վաղ թե ուշ գնալու է այդ ճանապարհով:
Միքելանջելո Բուոնարոտտին տասներեք տարեկան էր, երբ նրան տվեցին այն ժամանակ արդեն բազմաթիվ դասատուներից մեկի դպրոցը, որտեղ երեխաներին քերականություն էին ուսուցանում. այսինքն՝ իտալերեն գրել-կարդալ, թվաբանութուն և լատիներեն:
Թեև պատանի Միքելանջելոն հաջողություններ ուներ, սակայն նա մի առանձնահատուկ սեր ուներ նկարչության հանդեպ և չեր կարողանում իրեն ստիպել նստել դասերին ու նա պահը չէր կորցնում վազել նկարելու՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ, առիթ էր ստեղծում շփվելու նկարիչների հետ, լինել նրանց արվեստանոցներում:
Վերջապես, հայրը համոզվելով, որ ոչ բարի խոսքով, ոչ էլ ծեծով հնարավոր չէ տղային շեղել իր ընտրած ճանապարհից, և ամեն կողմից նրա ընդունակությունների մասին գովասանքներ լսելով, նա ի վերջո անձնատուր եղավ: Նա որդուն տարավ այն ժամանակ հայտնի, Ֆլորենցիայի հիանալի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի դպրոց:
Այնպես որ, եթե Միքելանջելոյի հայրը չանսար նրա ձգտումներին և չնպաստեր որդու նախասիրությունների զարգացմանն ու հետագա կայացմանը, ապա աշխարհը չէր ունենա տաղանդավոր Միքելանջելո Բուոնարոտտիին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել