Հայկական ֆիլմերի մեծ մասը դիտելուց հետո իմ մոտ ստատիստիկա ձևավորվեց. ֆիլմերի մեջ գերակա է տխրությունն ու ողբերգականությունը: Այս թեմատիկ ֆիլմերի մասին խոսելիս ակամայից հիշեցի մեր կինոմատոգրաֆիայի թերևս ամենաողբերգական ու դրամատիկ գործը` «Գիքորը»: Ֆիլմի հետ կապված կան հետաքրքիր փաստեր: Նախ, Գիքորի դերակատարին ընտրելու համար Սոս Սարգսյանի հորդորով նկարահանող խումբը մեկնել է Լոռի: Սոսն ամեն կերպ ցանկացել է, որ երեխան լինի Դսեղից, այդպես էլ եղավ: Ապագա Գիքորին` Ալբերտ Ղուլինյանին, Ս.Սարգսյանն ընտրել է միանգամից: Երեխան նախ վարպետին գերել է իր չափազանց պարզ ու խորը աչքերով, իսկ այն հարցին, թե` «Տղա ջան, ո՞ր դպրոցում էս սովորում», մանուկ Ալբերտը պատասխանել է. «Մեր դպրոցում, էլի…»:

Նկարահանման հրապարակում ևս մի քանի հետաքրքիր էպիզոդ է եղել: Նախ, հայտնի «դաստիարակչական ծեծի դրվագի» նկարահանման ժամանակ Ալբերտն ունեցել է մոտ 40 աստիճան ջերմություն և ատամի ահավոր ցավ: Իսկ բազազ Ջիգարխանյանի ապտակից հետո, որը դժվարությամբ է հաջողվել նկարահանել, Գիքորն իսկապես լաց է եղել: Նկարահանումից հետո Ջիգարխանյանը մեծ մեքենա է նվիրել փոքրիկին, որպեսզի «քավի մեղքերը»:

Ֆիլմի դրամատիկ կուլմինացիան, իհարկե, եղել է հերոսի մահվան տեսարանի նկարահանումը: Երբ արդեն դերի մեջ մտած Սոս-Համբոն մտել է հիվանդասենյակ ու սկսվել է ողբերգական դրվագի նկարահանումը, օպերատոր Ալբերտ Յավուրյանը նկատել է, որ ժապավենը վերջանում է և չի նկարի ողջ կտորը, ստիպված տեսարանը փորձել են նկարել երկրորդ անգամ, որը, մեծ վարպետի խոսքով` «իր սրտովը չէր»:

Հ.գ. Չգիտեմ, զուտ պատահականություն է եղել, թե ճակատագրի հեգնանք, բայց նկարահանումներից առաջ` հանդերձարանում, մի քանի տասնյակ հագուստ փորձելուց հետո, Սոս Սարգսյանն ընտրել է անկյունում կախված մի հագուստ, ավելի ուշ պարզվել է, որ այդ նույն հագուստով 1934-ին Համբո է խաղացել Հրաչյա Ներսիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել