1918-ի հուլիսին Ազգային խորհրդի անդամները Թիֆլիսից ժամանում են Երևան, և քաղաքական կուսակցությունների, Թիֆլիսի և Երևանի ազգային խորհուրդների ընդհանուր համաձայնությամբ կազմվում է երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայոց Ազգային խորհուրդը (խորհրդարան), որտեղ ընդգրկվում են 46 հոգի: Հուլիսի 24-ին հրապարակվում է Հայոց Ազգային խորհրդի թիվ 1 Որոշումը Հայաստանի գործադիր բարձրագույն իշխանություն՝ Կառավարություն կազմելու վերաբերյալ:

Նրանք առաջինն էին պատմական այդ բախտորոշ պահին՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան, արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյան, զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյան, ֆինանսների և արդարադատության նախարար Խաչատուր Կարճիկյան: Պետականության բացակայության երկար հարյուրամյակներից հետո` այդ Կառավարությունը փաստացի հանդիսացավ հայկական առաջին ինքնիշխան գործադիր կառույցը իր իսկ հայրենիքում:

1918 թվականը՝ իրոք որ հայ ժողովրդի համար կարող էր իրական վերածննդի սկիզբ հանդիսանալ: Անկախության ձեռքբերման և պետականության հետագա կառուցման հետ զուգընթաց պետք է ստեղծվեր նաև հայի լրիվ նոր որակ` անկախ պետականության գաղափարը կրող մի նոր սերունդ, և, որ ամենակարևորն էր՝ այդ ամենը պետք է փոխանցվեր հաջորդ սերունդներին, որոնք էլ իր հերթին պետք է նորոգեին ու բարելավեին եղած քաղաքական ժառանգությունը` բնականաբար տալով նախորդից ավելի լավ որակ: Սակայն, ցավոք, այդ ամենը ավարտվեց 1920-ի վերջին Հայաստանի օկուպացումով, որի արդյունքում ազգային էլիտան կամ ոչնչացվեց, կամ արտագաղթեց երկրից, և հայը նորից հայտնվեց օտարի հպատակության տակ, իսկ այդ ամենի արձագանքը, կամա թե ակամա, մենք զգում ենք մինչև հիմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել