Այսօր ԱՀ ազգային տոնի առիթով ունեցած իր ելույթում Իլհամ Ալիևը կրկին հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա խնդիր չէ և հակամարտությունը կարող է իր լուծումը ստանալ բացառապես Հայաստանի զինուժի՝ Արցախի տարածքից լիովին դուրս բերելու պայմանով: Միաժամանակ, նա մեծահոգաբար ընդունելի համարեց այն, որ հայերը կարող են շարունակել ապրել այնտեղ, ուր դեռ ապրում են: Թերևս այս հարցում նա փոքր-ինչ կեղծում է՝ լավ էլ հասկանում է, որ հայկական զինուժի հեռացումից հետո Արցախում հայ բնակչություն չի մնա: Այժմ, տարածք հանձնելուն կողմ արտահայտվող մեր պետական այրերն, օրինաչափորեն, կրկին կսկսեն Ալիևի այս պնդումն արդարացնելու և այն բացառապես ներքին լսարանին հասցեագրված լինելու վերաբերյալ բազում "ապացույցները" մեր հասարակության աչքը մտցնելուն ուղղված տքնաջան աշխատանքը: Տարածքներ հանձնելու մերոնց այդ մոլուցքն անբացատրելի է, քանզի ոչ միայն այդպիսով ընդամենը կմոտեցնեն լայնածավալ պատերազմի վերսկսման պահը, այլև այն պատճառով, որ խնդիրն, առհասարակ, լուծելի է առանց վտանգավոր և անհիմն տարածքային զիջումների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել