Երկու բառ էլ խոսենք հայ կինեմատոգրաֆիայի իմ սիրած գլուխգործոցի մասին: Խոսքը «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մասին է, որը ոչ միայն կարելի է անընդհատ նայել ու երբեք չձանձրանալ, այլև դրա մասին երկար խոսել:

Շատերը կհամաձայնեն, որ ֆիլմում ընդգրկված է հայ ժողովրդի արվեստի աստղաբույլի մի հատվածը: Ֆիլմը շատերն են դիտել, բայց հավանաբար քչերը գիտեն, որ Իշխանի դերը ի սկզբանե նախատեսված է եղել Սոս Սարգսյանի համար` որպես գյուղի տղա, և լոռվա կոլորիտը ամբողջությամբ զգացող մարդ (դրա վառ ապացույցը Համբոյի կերպարն է): Այդուհանդերձ, անհերքելի է, որ Ֆրունզիկ Մկրտչյանը Իշխանի դերում ուղղակի փայլում է:

Սոսի` գյուղացի լինելու հանգամանքը օգտակար է եղել ֆիլմի համար և Հենրիկ Մալյանին օգնել հայտնի «Եզ օպերացիայի» ժամանակ, որի արդյունքում ծնվել է հրաշք երկխոսություն: Իրականում եզին տապալել է իր մանկությունը Լոռվա սարերում անցկացրած Սոսը, ով այդ ամենը տեսել էր իր պապի և քեռու կատարմամբ: Մալյանին Սոսը օգնել է ևս մի «գյուղական» դրվագում, երբ նույն տեսարանի վերջում «սովետական միլիցիայի հետ իր հարաբերությունները պարզելուց հետո» Ֆրունզիկը մոտենում է գերանին, այդ հսկա գերանը կոտրվում է Սարգսյանի շնորհիվ: Նման փոքրիկ դետալների շնորհիվ, ըստ իս, հրաշալի ֆիլմն ավելի է գեղեցկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել