Tert.am-ը գրում է.
Մայիսի 28-ին Տիրանայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։
 
Այսօր ՆԱՏՕ-ի ԽՎ տնտեսական անվտանգության հանձնաժողովի  նիստում, ի պատասխան ադրբեջանական հերթական ապատեղեկատվության, մասնավորապես, անդրադառնալով նշյալ վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Հասան Գուլիևի ելույթում ադրբեջանական քարոզչության մշտական փաթեթին՝ 20 տոկոս գրավյալ տարածք և այլն, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում հակադարձել է Ադրբեջանի պատվիրակին, խոսելով կոռուպցիայի մեջ թաղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայից։
 
ԲՀԿ պատգամավորը նշել է, որ այդ երկրի քաղաքական էլիտան՝ ի դեմս ալիևյան կլանի,  սանձազերծեց ապրիլյան ռազմական արկածախնդրությունը՝ երկրի ներքին սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Մելքումյանը Ալիևի կլանը որակել է պատերազմ հրահրող իշխանություն:
 
Իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավորը նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան ձախողվել է, և ԼՂՀ պաշտպանության բանակը յուրաքանչյուր նմանատիպ գործողության դեպքում տալու է  արժանի հակահարված:
ԲՀԿ մամուլի ծառայություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել