Tert.am-ը գրում է.
Երևանի Վերնիսաժի հարակից պուրակում այսօր Գարեգին Նժդեհի արձանի բացումից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ դրական կարծիք ունի նոր արձանի մասին, իսկ Երևանի սրտում Նժդեհի արձան կանգնեցնելը մեծ պատիվ է:
 
Քաղաքապետը հակադարձեց արձանի արտաքին տեսքի վերաբերյալ քննադատություններին՝ ասելով, որ համաձայն չէ դրանց հետ:
 
«Ամեն մարդ իր կարծիքն ունի և իր տեսակետը, և ճարտարապետը Նժդեհի կերպարն այսպես է տեսել: Ես այն գնահատում եմ, և կարևորում եմ, որ Երևանում Նժդեհի արձանն իր տեղն ունենա»,- ասաց Տարոն Մարգարյանը:
 
Հարցին, թե ինչու Նժդեհի անվան հրապարակում չկանգնեցվեց համանուն արձանը, Տարոն Մարգարյանը նշեց, որ 2011թ-ին ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է որոշեր Նժդեհի արձանի տեղադրման հարցը, և որոշում կայացվեց, որ Հանրապետության հրապարակին կից այգում այն տեղադրվի:
 
Tert.am-ի դիտարկմանը, թե Նժդեհի արձանը Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակին մոտ է տեղադրվել, քաղաքապետը արձագանքեց, թե արձանի շրջակայքում կան նաև այլ կուսակցությունների գրասենյակներ, և որ Հանրապետական կուսակցության գրասենյակն այստեղ կապ չունի, ավելի շուտ կապ ունի Հանրապետության հրապարակն ու հարակից բարեկարգված պուրակը:
 
Tert.am-ի հարցին, թե իր կարծիքով, ինչպե՞ս կգնահատեր Նժդեհն իր ու ՀՀԿ-ի աշխատանքը, եթե կենդանի լիներ, Տարոն Մարգարյանը խուսափեց պատասխանել. «Եթե-ով Նժդեհի մասին չեմ խոսում»:
 
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել