Աշխարհը կառավարում են հզորները: Այս դրույթը ճիշտ է, սակայն ճիշտ է նաև այն, որ հզորների գլխավերևում և շարքերում մեզ նման մարդիկ են, ուստի ցանկացած ուժի կարելի է հաղթել՝ համախմբելով: Այդպես հաջողվեց հաղթել Սարդարապատում և կասեցնել թուրքական բանակի ընթացքը: Այդ մեծ հաղթանակին հաջորդեց Մայիսի 28-ը՝ մեր առաջին ազատ թռիչքը: Դա հաջողվեց, որովհետև ժողովուրդը և հասարակական հեղինակությունները միասնաբար պայքարեցին ազատության-անկախության համար: Սակայն Մայիսի 28-ից առաջ ու հետո որոշ ուժեր չէին հավատում, որ հնարավոր է անկախ լինել՝ առանց սուլթանի, ցարի կամ հզոր երկրի հովանավորության: Այդ հավատի պակասից տառապողն այսօր էլ է կասկածում պետության ու քաղաքացու հնարավորություններին: Հենց այդ հավատի կրիտիկական պակասն էր Առաջին հանրապետության անկման պատճառը և ոչ թե թուրքական ագրեսիան: Սակայն այդքան պակասի մեջ նույնիսկ հավատի հատիկը կարող է շատ բան փրկել, ինչպես Առաջին հանրապետության անկումից հետո, երբ գրեթե բոլորն էին հաշտվել կորստի հետ և միայն մի հզոր մարդ անսասան մնաց ազատության պայքարի դիրքերում: Նա Գարեգին Նժդեհն էր: Եվ նրան պարտական ենք ազատության ոգու պահպանման համար: Արցախյան պատերազմում այդ ոգին էր առաջնորդում դեպի հաղթանակ: Առաջնորդում է նաև այսօր, երբ միասնաբար կանգնած ենք ազատության պահպանման դիրքերում՝ պատրաստ վճռական կռվի: Եվ ուրեմն Մայիսի 28-երը դեռ առջևում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել