Tert.am-ը գրում է.

Վիեննայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջող էր։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Հանրապետության օրվա առթիվ հրավիրված պաշտոնական ընդունելության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Մենք ակնկալում ենք, որ շուտով, ժամանակ չկորցնելով, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդներն են ասում՝ էական, այսինքն՝ բովանդակալից բանակցություններ»,- Ալիևի խոսքերն է մեջբերել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ Ալիևը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականության, և ոչ միայն, ընդհանուր քաղաքականության հիմնական հարցը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։

«Ադրբեջանի դիրքորոշման մեջ չկա ոչ մի փոփոխություն»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, որ հետագայում նույնպես «ամրապնդելու են երկրի ռազմական հզորությունը»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։ Ինչպես նշվել էր ԵԱՀԿ կայքում տեղադրված Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ.  «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել