Tert.am-ը գրում է.

Այսօր Մայիսի 28 է. օր, որը մեր պատմության ամենապայծառ էջերից մեկն է, երբ 1918 թվականի այս օրը և դրան նախորդած օրերին մեր  ժողովուրդը ապացուցեց  սեփական ուժերով ապրելու իր իրավունքը, ինչպես նաև` այն  հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ  դրսևորեց` այն դարձնելով տևական  ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:

Հայաստանի առաջին հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո`  հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ: Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում:

Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արևելյան Հայաստանի համար նախատեսված չէր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում  Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին  հարգանքի տուրք մատուցելու համար այսօր հանրապետությունում  հիմնական ուղղությունը լինելու է դեպի Արմավիրի մարզի  Սարդարապատ գյուղ, որը  ակնառու վկայությունն է հայ ժողովրդի հերոսական ոգու ու պայքարելու կամքի, ապրելու ու վերածնվելու մեր կարողության և օրհասական պահին իրար անխորտակելի թիկունք դառնալու ունակության։

Պատահական չէ, որ «Սարդարապատ» բառով է բնորոշվում հայի ազգային առանձնահատկություններից մեկը` դժվար պահերին համախմբվելու  ունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել