Tert.am-ը գրում է.
Ադրբեջանը ապրիլյան դեպքերից հետո հույս ունի, որ մեկնարկելու է տարածքները փուլային տարբերակով վերադարձնելու գործընթաց, իսկ Հայաստանը հույս ունի ստանալ անվտանգության հուսալի երաշխիքներ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ նշելով, որ Վիեննայում տեղի ունեցած նախագահների հանդիպումը ֆորմալ բնույթ էր կրում: Տրոֆիմչուկն ասաց, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Արևմուտքը որևէ առարկայական, շոշափելի քայլեր չեն իրականացնում՝ պատերազմից դուրս գալու մարտավարություն մշակելու համար:
 
- Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող գործընթացները: Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը բավարարե՞ց քառօրյա պատերազմի քաղաքական ակնկալիքները:
 
- Վիեննայի հանդիպումը հետաքրքիր էր որպես հանդիպման փաստ, որովհետև այն առաջինն էր ապրիլյան բախումներից հետո և որովհետև հանդիպումից առաջ պարզ չէր՝ այսքանից հետո Հայաստանի ղեկավարությունը կգնա՞ նման քայլի, թե ոչ: Բայց գնաց:

Ընդհանուր առմամբ՝ հանդիպման քաղաքական ակնկալիքները դեռ չեն արդարացել, որովհետև չկա միասնական ակնկալիք: Ադրբեջանը ապրիլյան դեպքերից հետո հույս ունի, որ մեկնարկելու է տարածքները փուլային տարբերակով վերադարձնելու գործընթաց, իսկ Հայաստանը հույս ունի ստանալ անվտանգության հուսալի երաշխիքներ: Ինչ վերաբերում է գլխավոր դիտորդներին՝ ՌԴ-ին և ԱՄՆ-ին, ապա նրանք էլ հակամարտության կարգավորման տարբեր նպատակներ ունեն, ավելի ճիշտ՝ հիմա արդեն պատերազմի կարգավորման տարբեր նպատակներ են հետապնդում:

Բանակցությունների բնականոն ընթացքը հնարավոր կլիներ այն դեպքում, եթե հայկական ու ադրբեջանական կողմերն իրար դեմ լինեին ապրիլի մեկից առաջ արձանագրված բաժանարար գծի պայմաններում: Բայց հիմա հակամարտության գոտում, տարածաշրջանում, միանգամայն նոր իրավիճակ է, որի զարգացումները կանխատեսելու համար այն վերլուծել է պետք: Կարճ ասած՝ Վիեննայի հանդիպումը ձևական էր ու չմտցրեց պահանջվող հստակությունը:
 
- Երկու նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, մասնավորապես՝ հետաքննությունների մեխանիզմի ներդրման, մշտադիտարկում կատարելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը ընդլայնելու ուղղություններով: Դուք տեսնո՞ւմ եք ցանկություն, քաղաքական կամք այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ:
 
- ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեպ Ռուսաստանն էլ, իրենց վրա են վերցրել նոր լուրջ պարտավորություններ: Հատկապես, եթե հաշվի առնենք այդ աշխատանքի վրա Ադրբեջանից նետվող շեղ հայացքները: Մինսկի խումբը հունիսին կայանալիք հաջորդ հանդիպմանն ընդառաջ պետք է առանձնացնի ապրիլյան բախումների արդյունքի հիմնական շեշտադրումները՝ ով է մեղավոր էսկալացիայի համար, որն է կողմերի կորուստը, և վերջապես՝ ինչպես վարվել զոհերի հետ: Հասկանալով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այս առնչությամբ չի կարող լինել մաքսիմալ հստակ ու անաչառ, զարգացումները նորից կկանգնեն՝ այս անգամ էլ Ադրբեջանին ոչ շահավետ կետում: Չի բացառվում, որ դրանից հետո ավելի շեշտակի դրվի Մինսկի խմբի կազմի, ձևաչափի փոփոխության հարցը, ինչպես նաև հակամարտության կարգավորման համար միանգամայն նոր մեխանիզմների ներդնումը: Եվ Վաշինգտոնն, ի դեպ, պատրաստ է գործել այս ուղղությամբ խորացնելու համար իր դերը տվյալ գործընթացում:


Շփման գծում մշտադիտարկում անցկացնելը կարող է իրականացվել, բայց հազարից ավել տեսախցիկները չեն փոխի ամենակարևորը՝ Հայաստանից պահանջվող հողերի հարցը: Տեսախցիկները չեն լուծելու նաև մեկ այլ կարևոր հարց՝ ով է նախահարձակ եղել: Այս ամենն ամբողջովին ժամանակ ձգելու հնարքներ են: Ադրբեջանը հույս ուներ, որ ապրիլյան բախումների տակտիկան իր համար շահավետ կլինի, արագ հաղթանակ կապահովի, բայց ժամանակը գնում է, իսկ պատերազմից դուրս գալու մարտավարություն այդպես էլ չի մշակվում:
 
-Տարիները ցույց են տվել, որ հակամարտության կողմերը պատերազմը դադարեցնելու մեխանիզմների հարցում համաձայնության չեն գալիս: Իսկ միջազգային հանրությունը գործադրո՞ւմ է բավարար ջանքեր պատերազմից դուրս գալու մարտավարություն մշակելու համար: Տպավորություն է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ՌԴ-ն, թե՛ Արևմուտքը, հայտարարություններից դուրս որևէ շոշափելի քայլեր չեն նախաձեռնում: 
 
- Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, Արևմուտքի ներկայացուցիչների հետ համատեղ, ըստ էության՝ մեկ ձայնով, հայտարարել են, որ հակամարտության կարգավորումը պետք է վերադառնա 1994 թ.-ի ձևաչափին: Սա խոսում է այն մասին, որ տվյալ պահին ռազմական ճգնաժամից դուրս գալու տարբերակ որևէ մեկը չունի, իսկ ապրիլյան դեպքերից հետո հետ վերադարձի ճանապարհ չկա, որովհետև հայկական ու ադրբեջանական բանակի բաժանարար գիծը  փոխվել է:
Եվ քանի որ չկան լուծման առաջարկներ, պատասխանատվությունը Հայաստանի վրա է, ու սա նյարդայնացնում է պաշտոնական Երևանին ու հայ հասարակությանը. հիմա նրանք են հարցը լուծողը:


Ես համաձայն եմ ձեզ հետ, որ որևէ առարկայական, շոշափելի քայլեր չեն իրականացվում նրանց կողմից, ովքեր պետք է կատարեն այդ քայլերը: Իսկ նման քայլերի բացակայությունը արագ քայլերով տանում է պատերազմի:
 
- Քառօրյա պատերազմից հետո Հայաստանում մեծանում են հակառուսական տրամադրությունները: Մասնավորապես, դժգոհություններ կան, որ ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, որ ռուսական զենքի՝ Հայաստան մատակարարվող խմբաքանակն ամիսներ շարունակ տեղ չի հասնում: Հակառուսական տրամադրությունները ՌԴ-ին չե՞ն մտահոգում:

- Ցավոք, Ռուսաստանի ներսում այս առնչությամբ մտահոգություններ կան, չնայած, այս հարցը պետք է ահազանգող լիներ ՌԴ համար: Վերջին շրջանում, քառօրյա պատերազմից բացի, Հայաստանում մի քանի դեպք գրանցվեց, ինչպես Գյումրիում ռուս սպայի կողմից հայ ընտանիքին սպանելն ու էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելը, որոնք խիստ անհանգստացրել են հայ հասարակությանը:
 
Ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող վերջին զարգացումները խթանում են բացասական տրամադրությունները, որովհետև հայերի մեծ մասը կարծում էր, որ «Ռուսաստանն իրենց չպաշտպանեց»։ Սա չի կարելի աչքաթող անել: Տնտեսական առումով էլ իրավիճակը նույնն է: Հայաստանը մեկ տարուց ավելի է Եվրասիական տնտեսական միության անդամ է, բայց ՀՀ քաղաքացիներն իրենց վրա չեն զգում այս կառույցի առավելությունները: Սա շատ վատ է: Պետք է աշխատել գոնե այս ուղղությամբ:
 
- Ամփոփելով ԼՂ հիմնախնդրի շուրջ տեղի ունեցողը զարգացումները՝ ի՞նչ կարծիք ունեք, հակամարտությունը մոտ ապագայում կարո՞ղ է լուծվել:
 
- Բնականաբար ոչ։ Հակամարտությունը չլուծվեց նախորդող 22 տարիներին, ուստի դժվար է ասել՝ առաջիկա 22 օրերին այն բարեհաջող կարող է հանգուցալուծվել: Առհասարակ, կարծում եմ, որ այն չի լուծվի, որովհետև Խորհրդային միությունը փլուզվել է: Իրականում տեղի կունենա վտանգավոր, սահմռկեցուցիչ մի բան: Ադրբեջանին ու Հայաստանին իրար դեմ կհանեն այնպես, որ իրար ոչնչացնեն: Եթե իհարկե հենց հիմա չգտնվեն հակամարտության ճիշտ լուծումներ: Իսկ դրանք գոյություն ունեն, պարզապես ես չեմ կարող հնչեցնել, քանի որ ՄԽ անդամ չեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել