Tert.am-ը գրում է.
Համանուն ֆիլմում Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորած արտիստ Արտաշես Ալեքսանյանի համար խորթ է Սպարապետի արձանը: Քանդակի վրա (դերասանն ընդգծեց, որ արձանի մասին դատում է համացանցում տարածված լուսանկարներից, քանի որ հատուկ այցելել էր Վերնիսաժ, բայց այն ծածկված էր եղել սավանով) դերասանը չի տեսել Նժդեհի զույգ հենարանները՝ Աստված և Հայրենիք:

«Գրված էր պատվանդանի վրա, բայց ես չտեսա Աստված և Հայրենիք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց արտիստը:
 
Հասուն տարիքի Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանի համար խորթ է նաև Նժդեհի վրայի թիկնոցը. նա չի հասկանում՝ մանտիա՞ է, ծիրանի՞, թե ինչ: Անհասկանալի է նաև սանրվածքը:
 
«Լոմոնոսովյան սանրվածքը դուրս չեկավ… Այն, ինչ տեսա լուսանկարներում, որպես քաղաքացի՝ ինձ համար խորթ էր… Որպես արվեստագետ, եթե իմ կարծիքը հարցնեք, միգուցե հասկանամ, որ դա քանդակագործի մտահղացումն է, երրորդ աչքով իր հերոսին տեսնելը , բայց չպետք է մոռանանք, որ մենք ազգային հերոս ենք ներկայացնում»,-ասաց նա։
 
Ավելին` Արտաշես Ալեքսանյանը տպավորություն ունի, որ այս արձանի մրցույթին էլ քեռի-եղբայր-բարեկամ-ծանոթ սկզբունք է աշխատել, ինչպես «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մրցանակաբաշխության դեպքում։
 
Մասնավորապես, Արտաշես Ալեքսանյանը, ով «Գարեգին Նժդեհ» ֆիլմում մարմնավորել է Նժդեհի հասուն տարիքը, նաև ձայնագրել երիտասարդ տարիքը մարմնավորող Շանթ Հովհաննիսյանի ձայնը, ՀՀ ազգային կինոկենտրոնի մրցանակաբաշխության ժյուրիին համարում է ոչ պրոֆեսիոնալ: Նախ, որ հրավիրված չի եղել մրցանակաբաշխությանը, ապա այն, որ «Լավագույն դերակատար» մրցանակը շնորհվել է երիտասարդ Նժդեհին մարմնավորած Շանթ Հովհաննիսյանին, թեպետ ասաց, որ շատ ուրախ է Շանթի համար:

Արտաշես Ալեքսանյանը նաև պատմեց, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերայից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը սեղմել է իր ձեռքն ու ասել՝ «գերազանց է», ինչից հետո ջերմագույն շնորհավորանքներով ու ձեռքսեղմումներով բառացիորեն նույն բառերն են կրկնել նախագահին շրջապատողները՝ «հանձին Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի , Հրանուշ Հակոբյանի»:
 
Եվ հիմա, անդրադառնալով ժյուրիի մրցանակներին, դերասանը հարցնում է. «Իսկ էդ շքախմբից մարդիկ չկայի՞ն, որ ասել էին՝ «եթե ես հնարավորություն ունենայի, էդ տղային միանգամից ժողովրդական արտիստի կոչում կտայի»։ Ու էդ ամեն ինչից հետո, երբ կատարվում են նման պրոցեդուրաներ, նման մանր-մուն ճղճիմություններ, իմ ծիծաղն է գալիս... Ես սկսեցի հռհռալ»:
 
Արտաշես Ալեքսանյանի մյուս զուգահեռը «Մարդու ճակատագիրը» ֆիլմն էր, որը դիտելիս Իոսիֆ Ստալինը գլխավոր դերակատարի մասին հարցրել է` «ո՞վ է էս ժողովրդական արտիստը», այն դեպքում, երբ այդ ժամանակ Բոնդարչուկը ժողովրդական չէր, բայց նույն պահին Ստալինի կողքինները սուսուփուս, առանց ձայն հանելու՝ գնացել ու Բոնդարչուկին ժողովրդական արտիստի կոչում է ին տվել:
 
Հիշեցնենք, որ Նժդեհի արձանի քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, անդրադառնալով քանդակագործ Լևոն Թոքմաջյանի քննադատությանը, որ ինքը այլ Նժդեհ կկերտեր, ակնարկել էր արվեստում խանդի մասին:
 
«Հիմա Թոքմաջյան-Ստեփանյան, նաև Արտաշես Հովհաննիսյան-Շանթ Հովհաննիսյա՞ն» դիտարկմանը Արտաշես Ալեքսանյանն ի պատասխան նկատեց, որ երբևէ՝ 2013-ից սկսած այդ մասին չի խոսել՝ իր մասով: Ինչ վերաբերում է Թոքմաջյանին, ապա կարծում է, որ եթե վերջինս լիներ սկսնակ քանդակագործ, միգուցե ունենար խանդ:
 
«Ասում է ոչ թե խանդից, այլ, որ լավ, էս մի գործդ արեցիր, բայց հետագա գործերի ժամանակ, կողքից ասված քննադատություններից խորհուրդ քաղիր, ինչպես շեքսպիրյան պիեսներից մեկում խեղկատակն ասում է` «թագավորներ, չկա՞ արդյոք բանական հատիկ իմ ասած հիմարությունների մեջ»»,-նկատեց դերասանը:
 
Որպես ամփոփում նա նկատեց, որ մենք՝ հայերս, «որ ապրում ենք ահավոր վատ աշխարհագրական դիրքում», ազգովի պետք է պաշտպանենք մեր մշակույթը հողը, լեզուն: Իսկ դրա համար, ըստ Արտաշես Ալեքսանյանի, մեր ներսում նման բաներ չպետք է տեղի ունենան, դրա համար «մեր ներսի թուրքին պետք է վերացնենք, հետո դրսի թուրքի դեմ պայքարենք»:
 
Արտաշես Ալեքսանյանը կարծում է, որ ներքին թուրքի դեմ պայքարելու լավագույն ձևը «մանր-մունր ճղճիմություններով չզբաղվելն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել